Սպահանի Հայոց թեմի թեմակալ առաջնորդ. Լիահույս ենք, որ հետաքննությունը երևան կհանի ճշմարտությունը
Սպահանի Հայոց թեմի թեմակալ առաջնորդ Սիփան Ծ. Վրդ. Քէչէճեանը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով սեպտեմբերի 22-ին կատարված դեպքը:
«Այս գրությամբ Սպահանի Հայոց թեմի անունից և անձնապես դատապարտում ենք օրեր առաջ՝ սեպտեմբերի 22-ին, կատարվածը, որը նպատակ ուներ ոչ միայն խոշտանգել թիրախ դարձած Թեմական խորհրդի ատենապետին, այլև պղտորել պատկերը և վերացնել երկրի համակարգի անդորրը:
Լիահույս ենք, որ հետաքննությունը երևան կհանի ճշմարտությունը և կվերականգնի թեմիս անդորրը»,- նշված է Սպահանի Հայոց թեմի թեմակալ Առաջնորդի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստան-Սփյուռք համաժողովից հետո՝ սեպտեմբերի 22-ին, Հայաստանից Նոր Ջուղա էին վերադառնում խորհրդաժողովին մասնակցած Սպահանի Հայոց Թեմի պատվիրակության անդամները, այդ թվում Թեմական Խորհրդի ատենապետ Վարուժ Մինասյանը, ով գիշերվա ժամը 10:00-ի սահմաններում իր բնակարանի մուտքի առջև հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից: Նրանք մահակով և սուր զենքով վիրավորել են նրան և դիմել փախուստի: Մինչ այդ հանցագործները փորձել են հարձակվել նաև Առաջնորդարանի ավտոմեքենայի վրա, որով Վարուժ Մինասյանը իր բնակարան գնալիս է եղել: