Սպահանի Թեմական Խորհրդի ատենապետը հարձակման է ենթարկվել
Հայաստան-Սփյուռք համաժողովից հետո՝ սեպտեմբերի 22-ին, Հայաստանից Նոր Ջուղա էին վերադառնում խորհրդաժողովին մասնակցած Սպահանի Հայոց Թեմի պատվիրակության անդամները, այդ թվում Թեմական Խորհրդի ատենապետ Վարուժ Մինասյանը, ով գիշերվա ժամը 10:00-ի սահմաններում իր բնակարանի մուտքի առջև հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից: Սպահանի Հայոց Թեմի Ազգային Առաջնորդարանի դիվանից հայտնում են, որ նրանք մահակով և սուր զենքով վիրավորել են նրան և դիմել փախուստի: Մինչ այդ հանցագործները փորձել են հարձակվել նաև Առաջնորդարանի ավտոմեքենայի վրա, որով Վարուժ Մինասյանը իր բնակարան գնալիս է եղել:
Աղբյուրը հայտնում է, որ նույն մեքենայում է եղել նաև թեմի թեմակալ Առաջնորդ Սիփան Ծ. Վրդ. Քէչէճեանը, այդուհանդերձ, հակառակ տարածված լուրերի, Հայր Սուրբը և վարորդը հարձակման թիրախ չեն դարձել և նրանց ու մեքենային որևէ վնաս չի պատճառվել:
Վարուժ Մինասյանն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, կատարվել են առաջին օգնության և մյուս բուժումները: Նրա առողջական վիճակն այժմ գոհացուցիչ է: Նա այսօր դուրս է գրվել հիվանդանոցից ու տեղափոխվել իր բնակարան:
Կատարված հանցագործության առիթով հարուցվել է դատական գործ և դեպքի հանգամանքները պարզելու համար պատկան մարմինների կողմից ընթանում է քննություն: Որոշ բացահայտումներ կատարվել են, սակայն քննության ընթացքը չխանգարելու նպատակով առայժմ հրապարակումներ չեն կատարվում: