Պարտքի 13 տոկոսի աճի պայմաններում միջազգային կառույցները ՀՀ վարկանիշում փոփոխություն չեն կատարել. Վարդան Արամյան
Երկու տարի անընդմեջ՝ 2014-2015 թթ-ին մենք գտնվել ենք ճգնաժամային իրավիճակում, ինչին դիմակայելու համար կառավարությունն ընդլայնել է հարկաբյուջետային քաղաքականությունը՝ ներգրավելով ավելի շատ արտաքին պարտք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նրա խոսքով՝ պետական պարտքի ցուցանիշն աճել է 13 տոկոսով:
«Միջազգային կառույցներն արձագանքել են մեր այն քաղաքականությանը, որը մենք այդ պարտքի բարձրացումից հետո նախագծել ու իրականացնում ենք 2017 թ-ի, ինչպես նաև 2018-2020 թթ-ի միջնաժամկետ ծախսերի ծրագրում: Մենք ունենք լավ տենդենցներ, և միջազգային կառույցները՝ «Moody's»-ը և «Fitch»-ը գնահատել են, որ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը խելամիտ է: Ուստի, կարող ենք արձանագրել, որ պարտքի 13 տոկոսի աճի պայմաններում վարկանիշային միջազգային կառույցները Հայաստանի վարկանիշում փոփոխություն չեն կատարել»,- ասաց Վարդան Արամյանը:
Նա միաժամանակ նշեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանն ունի կայուն հեռանկարով վարկանիշ. «Եթե մեր հարկաբյուջետային քաղաքականությունը չլիներ խելամիտ, ռեյտինգային ընկերությունները դրոշակ կբարձրացնեին և հեռանկարի փոփոխություն կանեին՝ կայունից բացասական, ինչը չի եղել»:
Վարդան Արամյանը նաև հայտնեց, որ պարտատոմսերի շուկայում նույնպես միջազգային ներդրումները չեն նվազել. «Միջազգային կապիտալի շուկայում մեր պարտատոմսերում ներդրումներ կատարող տնտեսվարողների ընկալումը մեր քաղաքականության նկատմամբ նույնպես դրական է»,։