Համանախագահների տարածաշրջանային այցի պայմանավորվածությունը խոսուն հանգամանք է. Սուրեն Սարգսյան
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ ադրբեջանցի իր գործընկերոջ և ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահների հետ հանդիպումներն ինքնին կարևոր են, որովհետև բոլորը հասկանում են՝ բանակցությունների այլընտրանքը կամ դրանց բացակայությունը պատերազմական գործողություններն են։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ արտգործնախարարի նյույորքյան վերջին հանդիպումներին։
«Բնականաբար, հանդիպումների մասին շատ քիչ տեղեկատվություն է տրամադրվում՝ հասկանալու, թե ինչ առաջընթաց կարող է լինել։ Բայց այն հանգամանքը, որ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի պայմանավորվածություն ձեռք բերվեց, խոսուն է։ Կարծում եմ՝ նման հանդիպումները և համանախագահների ջանքերը չափազանց կարևոր են»,- ասաց մեր զրուցակիցը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ համանախագահները հոկտեմբերին տարածաշրջան կայցելեն նոր առաջարկներով։
Սուրեն Սարգսյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը հող է նախապատրաստում երկու երկրների նախագահների առաջիկա հանդիպման համար։
«Եթե խոսելու ոչինչ չլիներ, հանդիպում էլ չէր լինի։ Սակայն պետք է հստակ գիտակցել. բանակցային գործընթացին բնականոն ռիթմին խոչընդոտում է Ադրբեջանը։ Որպես օրինակ՝ կարող ենք նշել Վիեննայի և Սանկտ Պտերբուրգի հանդիպումները, որոնց ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններն Ադրբեջանն այդպես էլ չի կատարել»,- ամփոփեց Միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետը։
Հիշեցնենք, որ Նյու Յորքում սեպտեմբերի 23-ին կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։
Հանդիպմանը քննարկվել են առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման հետ կապված հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն հոկտեմբերին։
Հարակից հրապարակումներ`
- Համանախագահները տարածաշրջան կգան հոկտեմբերի սկզբին
- Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
- Նյու Յորքում կայացել է Նալբանդյան-Լավրով հանդիպումը
- Նալբանդյան. Մամեդյարովի հետ հանդիպման օրակարգում նախագահների հանդիպում կազմակերպելու հարցն է
- Քաղաքագետ. Նախագահի ելույթը համարում եմ ՀՀ ռազմական դիվանագիտության ակտիվացման հերթական ինդիկատոր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին