Կառավարությունը մտադիր է ավելացնել թանկարժեք անշարժ գույքի դիմաց գանձվող գույքահարկի չափը
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ առաջիկայում նախատեսում են գույքահարկի մասին օրենքում փոփոխություններ մտցնել
Մասնավորապես, կիրականացնել գույքահարկի բարեփոխում երկու փուլով: «Առաջինը՝ անշարժ գույքի գները մոտարկելու ենք շուկայականին, երկրորդ` դրանք գրեթե նույնականացնելու ենք շուկայականին»,- նշեց նախարարը:
Ըստ Վարդան Արամյանի՝ բարձր արժեք ունեցող գույքի նկատմամբ կկիրառվի առավել բարձր հարկում: «Ակնհայտ է, որ բարձրարժեք գույքի սեփականատերն ունևոր խավն է։ Տարբեր մակարդակներ ենք ֆիքսել` 100 մլն, 120 մլն դրամ։ Քննարկումների արդյունքում կորոշենք, թե որն է այն շեմը, որից բարձր գույքի վրա կկիրառենք նոր գույքահարկի ռեժիմը»,– ասաց Վարդան Արամյանը։
Ինչ վերաբերում է հասարակական և արտադրական նշանակության գույքին, նախարարը նշեց, որ դրանց շուկայական գների մոտարկման մասով թեստավորումը սկզբից կկատարվի միայն Երևանի 3 գոտիներում, ապա կտարածվի հանրապետության ամբողջ տարածքում։
Բարեփոխման գլխավոր մեխը, ըստ Վարդան Արամյանի, այն է, որ գույքահարկի ոլորտում փորձելու են լուծել պարապուրդում գտնվող բոլոր այն գույքերի հարցը, որոնք պոտենցիալ տնտեսական աճ կարող են ապահովել:
Այպիսով, թանկարժեք առանձնատների սեփականատերերն անհամեմատ ավելի մեծ հարկեր կվճարեն, քան համեստ անշարժ գույք ունեցող սեփականատերերը:
«Այնպես պետք է անենք, որպեսզի սոցիալական խնդիրներ հանկարծ առաջացնենք, միջին ու ցածր եկամուտ ունեցող խավի մոտ հանկարծ տեղի չունենա հարկային բեռի կտրուկ աճ: Իրականում դա պետք է վերաբերի թանկարժեք գույք ունեցող սեփականատերերին»,- ընդգծեց Վարդան Արամյանը:
Հարակից հրապարակումներ`
- Տարեվերջին արտաքին պարտքը կավելանա շուրջ 400 մլն դոլարով. Արամյան
- Ակնկալվում է, որ տարեվերջին կունենանք 4,3 տոկոս տնտեսական աճ. Վարդան Արամյան
- Մինչև 2022 թ-ը կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի թիվը կավելանա 8-ով. ֆինանսների նախարար
- Պարտքի 13 տոկոսի աճի պայմաններում միջազգային կառույցները ՀՀ վարկանիշում փոփոխություն չեն կատարել. Վարդան Արամյան