Եգիպտական բուրգերի շինարարության վերաբերյալ գաղտնիքներ չեն մնացել
Գիտնականները գիտեն բոլոր միջոցները, որոնք օգտագործել են հին եգիպտացիները, որպեսզի մի քանի տոննա կշռող քարերը երկրի հարավում գտնվող Ասուանից տեղափոխեն ներկայիս Կահիրեի մոտ գտնվող Գիզայի բուրգերը կառուցելու համար: Ռիա նովոստիի հաղորդմամբ, արաբական Աշ Շարկ ալ Աուսաթ թերթին եգիպտացի հնագետ և Եգիպտոսի հնությունների գծով նախկին նախարար Զահի Հավասն ասել է, որ ժամանակակից գիտության համար որևէ գաղտնիք այդ պրոցեսում չկա:
Նախօրեին բրիտանական Daily Mail-ը հոդված էր հրապարակել, որում նշվում էր, որ հնագետների խումբը հնագույն պապիրուսի օգնությամբ բացահայտել էր բուրգերի շինարարության գաղտնիքը: Փաստաթղթում մանրամասն ներկայացված է մեթոդը, որը եգիպտացիներն օգտագործել են ավելի քան 4600 տարի առաջ ծանր գրանիտե բլոկները ավելի քան 800 կիլոմետր տեղափոխելու համար: Պապիրուսում մասնավորապես պատմվում է, որ տեղափոխման համար օգտագործվել են հատուկ շինարարական ջրանցքներ:
«Տեղափոխումն իրականացվել է Ասուանի մոտ գտնվող քարի մշակման վայրի հատուկ նավահանգստից՝ փայտե նավակներով, որոնք շարժվել են Նեղոսով, հետո շինարարական ջրանցքներով հասել են մինչև բուրգերի մոտ գտնվող նավահանգիստ»,- ասել է Զահի Հավասը:
Գիզայի բուրգերի հնագիտական համալիրը գտնվում է Նեղոսի ափին՝ Կահիրեի մոտ: Համալիրն ավելի քան 4,5 հազար տարեկան է և բաղկացած է երեք խոշոր բուրգերից՝ Քեոփսի, Քեֆրենի և Միքերինի: