Էրմիտաժը՝ աշխարհի լավագույն թանգարանների հնգյակում
Պետական Էրմիտաժը Սանկտ-Պետերբուրգում ճանապարհորդների համար ամենամեծ միջազգային պորտալի՝ Tripadvisor –ի օգտատերերի գնահատմամբ ճանաչվել է աշխարհում լավագույն հինգ թանգարաններից մեկը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, TripAdvisor-ի հրապարակած վարկանշային ցուցակում Էրմիտաժը հինգերորդ տեղում է:
«Համաշխարհային ամբողջ գեղեցկությունը մեկ թանգարանում: Այն թույլ կտա ձեր ենթագիտակցությանը ճանապարհորդել բոլոր տեղերով և բոլոր ժամանակաշրջաններում, որտեղ դուք երբևէ երազել եք լինել»,- նշված է պորտալի՝ Էրմիտաժի նկարագրության մեջ:
Առաջին տեղում է Մետրոպոլիտեն թանգարանը (Նյու Յորք), երկրորդ՝ Նյու Օրլեանում Երկրորդ համաշխարհային պատերազմի ազգային թանգարանը, երրորդ՝ Օրսեն (Փարիզ), չորրորդ ՝ Չիկագոյի արվեստի ինստիտուտը:
Էրմիտաժը հիմնադրվել է 1764 թ-ին, բացվել 1852 թ-ին: Ժամանակակից Էրմիտաժը բաղկացած է 6 շենքերից, որոնք գտնվում են Նևա գետի երկայնքով։ Էրմիտաժի կարևորագույն հանգույցը Ձմեռային պալատն է: Էրմիտաժի 400 սրահում ցուցադրված է մոտ 3 մլն ցուցանմուշ:
Էրմիտաժում կա նաև հայ արվեստի և մշակույթի կոթողների հարուստ հավաքածու (Արարատյան թագավորության ժամանակաշրջանից մինչև XVIII դար): Ցուցադրված են ճարտարապետական կառույցների բեկորներ, փայտի և քարի վրա արված փորագրություններ, մոնումենտալ գեղանկարչության ու մանրանկարչության նմուշներ, ձեռագրեր, կավե, ապակե, բրոնզե առարկաներ, ոսկերչական իրեր, դրամներ, կնիքներ և այլ ցուցանմուշներ:
1920 թ-ից Էրմիտաժում աշխատել է ակադեմիկոս Հովսեփ Օրբելին. 1934–51 թթ-ին եղել է տնօրեն. 1926 թ-ին հիմնադրել և ղեկավարել է Արևելքի բաժանմունքը:
Այժմ Պետական Էրմիտաժը ղեկավարում է հայտնի արաբագետ Միխայիլ Պիոտրովսկին:
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհի ամենաթանկ ու ամենաէժան թանգարանները
- Էրմիտաժի հետ ստորագրած համաձայնագիրը կծառայի հայկական մշակույթի հանրահռչակմանը. Նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա