Արմեն Բաբալարյան. Սպասումներն, ընդհանուր առմամբ արդարացան
Սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Երևան է վերադարձել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը, որը Լիտվայի Կլայպեդա քաղաքում մասնակցում էր բանակայինների աշխարհի առաջնությանը:
Առաջնությունում հայ ըմբիշները նվաճել են չորս մեդալ՝ մեկ ոսկե (Կարեն Ասլանյան՝ 66 կգ), երկու արծաթե (Արմեն Հակոբյան՝ 71 կգ, Էդգար Խաչատրյան՝ 130 կգ) և մեկ բրոնզե (Ռաֆիկ Մանուկյան՝ 80 կգ): «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում թիմի մարզիչ Արմեն Բաբալարյանն ասել է, որ արդյունքները կարող էին ավելի բարձր լինել։
«Ընդհանուր առմամբ սպասումներն արդարացան, բայց ինչ-որ տեղ հաջողությունը երես թեքեց մեզնից: Օրինակ, Ռաֆիկ Մանուկյանը (80 կգ) պետք է եզրափակիչ անցներ և հաղթեր: Մրցաշարը շատ ուժեղ կազմ էր հավաքել, մասնակիցների թվում օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ և մրցանակակիրներ էին: Մեր թիմում կնշեմ նաև այն տղաներին, որոնք չկարողացան մրցանակային տեղ զբաղեցնել: Պետք է աշխատել: Շնորհակալություն հայկական բանակին, որ հնարավորություն է տալիս մարզիկներին շարունակել մարզվել և պահպանել մարզավիճակ»,- ասել է մարզիչը։