Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նոր շրջափուլ է մեկնարկել. փորձագետ
Նալբանդյան-Մամեդյարով վերջին հանդիպումով ղարաբաղյան կարգավորման գործընթացում նոր շրջափուլ մեկնարկեց: Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Սարգսյան-Ալիև նոր հանդիպման, ինչպես նաև հոկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահաների տարածաշրջանային այցի շուրջ: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ հիշեցնելով, որ մինչ այժմ Ադրբեջանը չի կատարել Սանկ Պետերբուրգում և Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Հայկական կողմը խնդիր ունի Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպմանն ընդառաջ՝ այս հարցը վերադարձնել օրակարգ: Պետք է հասկանալ, որ այդ հարցում Բաքուն և Մոսկվան Հայաստանի դաշնակիցը չեն: Իհարկե, երկու երկրների նախագահների հանդիպման մասին խոսվում է, իսկ ահա հանդիպման վայրի մասին ոչինչ չի հաղորդվում: Բաքուն և Մոսկվան, ամենայն հավանականության, կարգավորման գործընթացը կաշխատեն տանել ռուսական հարթակներ: Իսկ սա հայկական կողմին երբևիցե դրական բան չի տվել և չի տալու»,- համոզմունք հայտնեց բանախոսը:
Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային նոր շրջափուլում որպես ֆոն ծառայում են մեզ հարակից և մեզնից հեռու գտնվող տարածաշրջաններում՝ Մերձավոր Արևելք և Հյուսիսային Կորեայում տեղի ունեցող զարգացումները:
«Պաշտոնական Երևանին այս պայմաններում ամուր թիկունք է հարկավոր, իսկ ամուր թիկունքը նախևառաջ ներքաղաքական ներդաշնակ վիճակն է, երկրորդ՝ ներքաղաքական հնարավոր լարումների կարգավորման մեխանիզմները, որոնք պետք է հիմնված լինեն պետության շահերի վրա»,- ամփոփեց փորձագետը:
Հարակից հրապարակումներ`
- Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
- Նյու Յորքում կայացել է Նալբանդյան-Լավրով հանդիպումը
- Նալբանդյան. Մամեդյարովի հետ հանդիպման օրակարգում նախագահների հանդիպում կազմակերպելու հարցն է
- Նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Էլմար Մամեդյարովի հետ. ԱԳՆ
- Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից շրջադարձային ակնկալիքներ չունենք. Շարմազանով