Ինչո՞ւ է բարձրացել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի 1 կմ-ի գինը. պարզաբանում է նախարարը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման ծրագիրը և այն հասցնելու է ավարտի:
Նրա խոսքերով՝ ծրագրի Երևան-Արտաշատ հատվածի 7 կամրջի շինարարությունն ակտիվ շարունակվում է: «Հոկտեմբերի առաջին տասնօրյակում 7 կամուրջներից 3-ը կհանձնվեն շահագործման, իսկ մնացած 4-ի վրա կշարունակվեն որոշակի շինարարական աշխատանքներ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ կամուրջներին հարող հատվածների երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է մայիսին:
Նախարարն անդրադարձավ Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալի հայտարարությանը, թե Հյուսիս-հարավի մեկ կիլոմետրի կառուցման արժեքը նախկին 1,2 մլն դոլարի դիմաց բարձրացել է՝ հասնելով 3,5 մլն դոլարի:
Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք Ռոզենթալը կասկածի տակ է դրել ծրագրի շարունակությունը՝ Վահան Մարտիրոսյանը նախ ասաց, որ Ասիական զարգացման բանկը ֆինանսավորում է Հյուսիս-հարավի ճանապարհի հատվածների մի մասի շինարարությունը:
«Նախարարությունը և Բանկը լավ համագործակցում են միմյանց հետ, ցանկացած ծրագիր քննարկվում է և՛ նախարարությունում, և՛ ԱԶԲ-ում: Ես ծանոթ եմ հայտարարությանը, և ԱԶԲ ներկայացուցիչը կասկածի տակ չի դրել ծրագրի իրականացումը: Իհարկե դիտարկում ենք ծրագիրը իրենց տեսանկյունից և մեր տեսանկյունից: Աշտարակ-Լանջիկ հատվածը, որի կառուցումը ֆինանսավորում են ԱԶԲ-ն և Եվրոպական ներդրումային բանկը, հարթավայրային չէ, այդ իսկ պատճառով էլ ինքնարժեքը բարձրացել է՝ կապված հողային աշխատանքների հետ: Վստահ եմ, որ Հայաստանին պետք է այս ճանապարհը, քանի որ ունենում ենք բարձրակարգ ճանապարհ, դրանից կախված է և զբոսաշրջային, և բեռնափոխադրումների հոսքը, բացի այդ, կակտիվանա նաև բիզնեսը»,- նշեց Վահան Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է մայրուղու հարավային հատվածի կառուցմանը, նախարարն ասաց՝ և մասնավոր հատվածի, և այլ բանկերի հետ քննարկվում է ճանապարհի մյուս հատվածների ֆինանսավորման հարցը: Կան հատվածներ, որոնց մասով նախագծերը վերջնական փուլի են բերվում:
«Մասնավոր հատվածի հետ նաև քննարկում ենք վճարովի ավտոճանապարհ ունենալու հարցը»,- ասաց նախարարը:
Հարցին, թե «Հյուսիս-Հարավ»-ի 1 կմ-ի կառուցումը 1-1,5 մլն դոլարից աճել է մինչև 3-3,5 մլն-ի, ո՞րն է պատճառը, եթե հաշվի առնեն, որ նյութերի գները չեն թանկացել, Վահան Մարտիրոսյանը պատասխանեց. «Ճանապարհի ինքնարժեքը կախված է ոչ միայն նյութերից, այլ նաև հողերի սեփականության իրավունքից, հողօտարման ծրագրեր այնտեղ կան: Բացի այդ, կատարվել են գրունտի ոչ ճիշտ հաշվարկներ, որը ընթացքում փոխվել է, նախագծային աշխատանքների փոփոխություն է կատարվել: Թանկացումը հիմնականում օբյեկտիվ պատճառներով է եղել»:
Հարակից հրապարակումներ`
- Վահան Մարտիրոսյանը քաղաքացիներին հորդորում է օգտվել միայն կանոնավոր ուղևորափոխադրումներից
- Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման շուրջ քննարկումները շարունակվում են. նախարար
- Ես լավատես եմ և ուշ թե շուտ շատ փակ ճանապարհներ կբացվեն. Վահան Մարտիրոսյան
- Հոկտեմբերի առաջին տասնօրյակում 7 կամուրջներից 3-ը կհանձնվեն շահագործման. Վահան Մարտիրոսյան
- Վահան Մարտիրոսյանն ամփոփում է պաշտոնավարման մեկ տարին
- Հյուսիս-հարավի երկրորդ և երրորդ տրանշների աշխատանքների ավարտը նախատեսվում է 2019-ին. Վահան Մարտիրոսյան
- Հյուսիս-Հարավ ճանապարհին ակտիվ շինարարություն է ընթանում. Վահան Մարտիրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին