Հոկտեմբերի առաջին տասնօրյակում 7 կամուրջներից 3-ը կհանձնվեն շահագործման. Վահան Մարտիրոսյան
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2 (Աշտարակ-Թալին շուրջ 42 կմ) ճանապարհահատվածի ձախակողմյան հատվածում արդեն իսկ տեղադրվել է շուրջ 11 կմ բետոնե ծածկ, ևս 15 կմ նախատեսվում է տեղադրել մինչև տարեվերջ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նախարարը հայտնեց, որ ծրագրի Տրանշ 3-ի շրջանակներում կառուցվող (Թալին-Լանջիկ 18,7 կմ և Լանջիկ-Գյումրի 27,5 կմ) ընդհանուր շուրջ 46,2 կմ երկարությամբ ճանապարհահատվածում շարունակվում են շինարարական աշխատանքները: Ճանապարհի երկու հատվածներում կատարվում են նաև բետոնի տեղադրման նախապատրաստական աշխատանքներ:
Վահան Մարտիրոսյանը նաև նշեց, որ դեռևս 2016թ. սեպտեմբերին մեկնարկած Երևան-Արտաշատ, Երևան-Աշտարակ ճանապարհահատվածների վրա կառուցվող կամ վերականգնվող ուղեանցերում գրեթե ավարտվել են շինարարական աշխատանքները:
«Հոկտեմբերի առաջին տասնօրյակում 7 կամուրջներից 3-ը կհանձնվեն շահագործման, իսկ մնացած 4-ի վրա կշարունակվեն որոշակի շինարարական աշխատանքներ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ կամուրջներին հարող հատվածների երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է մայիսին:
Անդրադառնալով Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին՝ Վահան Մարտիրոսյանը նշեց, որ սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել Մ-6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման շինարարական աշխատանքների 3 չափաբաժնից բաղկացած մրցույթի ֆինանսական հայտերի հրապարակային բացումը: Այն իրականացվում է Ասիական զարգացման բանկի գնումների ուղեցույցով սահմանված «Մեկ փուլ - երկու ծրար» միջազգային բաց մրցակցային ընտրություն ընթացակարգով: Ըստ նախարարի՝ գնահատման փուլը մինչև տարեվերջ ավարտելուց հետո նախատեսվում է նշված 3 չափաբաժինների համար կնքել շինարարական պայմանագրեր:
Վահան Մարտիրոսյանը նաև հայտնեց, որ ճանապարհահատվածի Վանաձոր քաղաքին հարող շուրջ 7.5 կմ երկարությամբ հատվածում արդեն իսկ տեղադրվել է ասֆալտ: Շարունակվում են ճանապարհին տեղակայված 3 թունելների լուսավորության և մայթերի տեղադրման, ինչպես նաև հենապատերի և ջրահեռացման համակարգի կառուցման և վերակառուցման աշխատանքները: