Վահան Մարտիրոսյանը քաղաքացիներին հորդորում է օգտվել միայն կանոնավոր ուղևորափոխադրումներից
Միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումները կանոնակարգելու նպատակով ընդունվել են մի շարք օրենքներ, որոնց պահանջներին համապատասխան՝ հստակեցվել են նաև ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման պայմաններն ու պահանջները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նախարարը քաղաքացիներին հորդորեց օգտվել միայն կանոնավոր ուղևորափոխադրումներից, քանի որ տվյալ ընկերությունների ավտոմեքենաներն անցնում են պարտադիր տեխնիկական զննություն, ճանապարհ են դուրս գալիս երեք վարորդով, վարորդների աշխատանքային ռեժիմի նկատմամբ իրականացվում է վերահսկողություն, բացի այդ, վարորդներն անցնում են բժշկական քննություն:
«Իհարկե, վթարներ կարող են պատահել նաև կանոնավոր ուղևորափոխադրումների ժամանակ, սակայն, հաշվի առնելով վերոնշյալը, պատահարների քանակը նվազագույն են դարձնում»,- ասաց Վահան Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով՝ կանոնավոր ուղևորևափոխադրումների դեպքում տոմսերը վաճառվում են ավտոկայաններում և միայն ավտոկայանի հետ պայմանագիր ունեցող ենթակետերում:
Պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ընկերություները տուգանվելուց հետո շարունակում են նորից ուղևորափոխադրում իրականացնել, արդյոք վերահսկողություն չկա՞ և նախարարություն ի՞նչ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ, Վահան Մարտիրոսյանն ասաց, որ իրականում կա վերահսկողություն՝ սկսած տոմսարկղերից, վերջացրած սահմանային անցակետերից: Բացի այդ, Տրանսպորտային տեսչությունը ժամանակ առ ժամանակ հերթապահություն է իրականացնում սահմանին:
Ըստ նախարարի՝ ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունները հիմնականում տուգանվել են: «Այն ընկերությունները, որոնց ավտոբուսները վթարվել են, ժամանակին բոլորն էլ տուգանվել են: Այսինքն՝ օրենքով սահմանված կարգով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների համար տուգանքներ են նախատեսված: Առաջին խախտման ժամանակ ընկերությունը տուգանվում է 450 հազար, երկորդի դեպքում՝ 900 հազար դրամով»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ տուգանքով չեն սահմանափակվելու, վերահսկողությունը պետք է խստացնեն, հնարավոր է դիմեն նաև ավելի խիստ մեթոդների՝ նույնիսկ արգելեն այդ մեքենաներին շարունակել ճանապարհը:
Դիտարկմանը, թե միգուցե ոչ կանոնավոր ուղևորափոխադրող ընկերություններն ավելի մատչելի գներ են առաջարկում, դրա համար են մարդիկ այդ ավտոբուսներից օգտվում, նախարարն ասաց՝ հնարավոր է, բայց տարբերությունն այդքան մեծ չէ, պարզապես մարդիկ առաջին հերթին պետք է իրենց անվտանգության մասին մտածեն:
Վահան Մարտիրոսյանը նաև հայտնեց, որ մշակվել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենսդրության փոփոխությունների փաթեթ, որով նախատեսում է ներմարզային և միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրումների մրցույթների համակցում: Մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել նաև ՀՀ-ում միասնական երթուղային ցանց ստեղծելու տեխնիկական առաջադրանքը:
Հարակից հրապարակումներ`
- Տուլայում վթարված միկրոավտուբուսը ոչ կանոնավոր ուղևորափոխադրում է իրականացրել
- Տեսչության պետ. Միջպետական ոչ կանոնավոր փոխադրում իրականացնողներին ամբողջությամբ վերահսկել չենք կարող
- Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտը կկանոնակարգվի. նախարար
- Ոչ կանոնավոր ուղևորափոխադրողները՝ կանոնավորի չափանիշներով
- Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կմտնեն օրինական դաշտ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին