Հայաստանը պատանդ չէ հայ-թուրքական արձանագրություններին. «168 Ժամ»
Վերլուծականում անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների հնարավոր կասեցման մասին ՄԱԿ ԳԱ-ում ՀՀ նախագահի դիտարկումներին՝ «168 Ժամ»-ը գրել է. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան այդպես էլ չկատարեց իր ստանձնած պարտավորությունները: 2009թ-ին Հայաստանի նախաձեռնած «Ֆուտբլային դիվանագիտությունը» և Ցյուրիխյան գործընթացը տապալվեցին Թուրքիայի ապակառուցողական քաղաքականության և քաղաքական կամքի բացակայության պատճառով:
Պատահական չէ, որ օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այս հարցին անդրադարձավ նախ Հայաստան-սփյուռք համահայկական համաժողովի ժամանակ, այնուհետև ՄԱԿ ԳԱ-ում ունեցած իր ելույթում՝ ցույց տալով, որ այս հարցը կարևոր տեղ է զբաղեցնում համահայկական օրակարգում:
Համահայկական համաժողովի իր ելույթում, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, նախագահը նշեց, որ Թուրքիան փորձում է «Հայաստանին պատանդ պահել այդ ստորագրություններին՝ մեկ անգամ ևս աշխարհին ապացուցելով, որ այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելն այդ երկրի ներկայիս վարչակազմի շահերից չի բխում»: Այնուհետև ՀՀ նախագահը հայության համար այս կարևոր հարցը տեղափոխեց ՄԱԿ ԳԱ ամբիոն, որտեղ պաշտոնապես հայտարարեց, որ հայ-թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ մինչև 2018թ-ի գարուն որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը դրանք հայտարարելու է առ ոչինչ:
Այս հայտարարությունը հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված ՀՀ քաղաքականության տրամաբանական շարունակությունն էր: Թուրքիայի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման գործընթացում որևէ առաջընթաց չգրանցելն արդեն իսկ հանգեցրել էր նրան, որ ՀՀ նախագահը 2015թ-ին ստորագրված արձանագրությունները հետ էր կանչել ՀՀ Ազգային ժողովի օրակարգից, և դրական տեղաշարժ չլինելու պարագայում հաջորդ տրամաբանական քայլը պետք է լիներ ստորագրությունը հետ կանչելը:
…Հաշվի առնելով Թուրքիայում տիրող իրավիճակն ու այնտեղ ընթացող զարգացումները, Հայաստանն առնվազն այս փուլում Թուրքիայի հետ հարաբերություններում որևէ դրական զարգացման ակնկալիք չունի: Թուրքիայի հետ քաղաքական երկխոսություն հաստատելու համար, ՀՀ-ն, ամենայն հավանականությամբ, կսպասի Թուրքիայում առավել ժողովրդավար, չբարդույթավորված, հավասարակշիռ և պատասխանատու իշխանության»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում