Արցախում հոկտեմբերին տեղի կունենա նռան փառատոն
Մարտունու քաղաքապետարանի նախաձեռնությամբ և բարերար Գաստելլո Մկրտչյանի ֆինանսավորմամբ հոկտեմբերի 29-ին Մարտունի քաղաքում տեղի է ունենալու նռան փառատոն: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ փառատոնի ծրագիրն իր մեջ ներառում է նռան վաճառք, ինչպես նաև նռան օշարակի, գինու, հյութի ներկայացում և վաճառք:
Ծրագրում կլինեն մի շարք մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ համերգ, ազգագրական պարեր ու խաղեր, ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք:
Մարտունու քաղաքապետը նշել է, որ փառատոնի նպատակն է խրախուսել նռան մշակմամբ զբաղվող այգեգործներին՝ վաճառելու իրենց բերքը, ինչպես նաև մեծացնելու զբոսաշրջիկների հետաքրքրությունը շրջանի նկատմամբ:
«Որոշել ենք ամեն տարի հոկտեմբերի վերջին, երբ հասունանում է նուռը, կազմակերպենք նռան փառատոն: Փորձելու ենք ստեղծել մի հարթակ, որտեղ հնարավորություն է ընձեռնվելու նռան մշակմամբ և վերամշակմամբ զբաղվողներին կազմակերպել իրենց արտադրության իրացումը, իրականացնել փորձի փոխանակում, գովազդել իրենց արտադրությունը»,- ասել է Մարտունու քաղաքապետը և ավելացրել, որ հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 15-ը:
Բացի նռան վաճառքից, լինելու է նաև արցախյան բարիքների տոնավաճառ, որտեղ հիմնականում ներկայացվելու է շրջանի գյուղական համայնքներում արտադրված ապրանքները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան