Մխիթարյանը ԲԿՄԱ-ի հետ խաղում ցանկանում է հայ երկրպագուների տեսնել
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է ԲԿՄԱ-ի հետ առաջիկա խաղի մասին:
«Նախորդ անգամ խաղում էինք Ռոստովում, հաճելի էր տեսնել հայ երկրպագուների։ Կարծում եմ՝ վաղը նույնպես նրանք կգան ինձ աջակցելու: Կփորձեմ անել հնարավորը, որպեսզի նրանց ուրախացնեմ և գոլ խփեմ։ Ես հետևում եմ ռուսական ֆուտբոլին և կարող եմ ասել, որ ԲԿՄԱ-ն այս տարի այնպիսին չէ, ինչպիսին նախկինում էր, նա արժանի մրցակից է։ Նրանք փորձառու ֆուտբոլիստներ ունեն»,- Championat-ի փոխանցմամբ՝ ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Մխիթարյանը։
Հայազգի ֆուտբոլիստը ասուլիսից տեսանյութ է հրապարակել նաև իր թվիթերյան միկրոբլոգում, որտեղ ասում է. «Չեմպիոնների լիգան այլ մրցաշար է՝ համետատծ Եվրոպայի լիգայի հետ, որը մենք անցած տարի հաղթեցինք, ինչի համար շատ ուրախ եմ։ Այնուհանդերձ Չեմպիոնների լիգան ավելի բարդ մրցաշար է։ Ես առաջին անգամ չեմ խաղում այս մրցաշարում և ուժերիս ներածին չափով կանեմ ամեն ինչ՝ թիմին օգնելու համար»։
Նշենք, որ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի ԲԿՄԱ-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 27-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: