Վրաստանի վարչապետ. Առկա 400 միլիոն դոլար կազմող առևտրաշրջանառության ծավալներն անհրաժեշտ է մեծացնել
«Հայաստանն ու Վրաստանը միջազգային ինտեգրման տարբեր ուղիներ են ընտրել, սակայն դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ մեր երկրների փոխգործակցության զարգացման համար. այն կարող է լրացնել ու դրական ազդեցություն ունենալ ոչ միայն տնտեսական հարաբերությունների հետագա խորացման, այլ նաև տարածաշրջանային համագործակցության առավել ընդլայնման համար»: Այս մասին հայտարարել է Վրաստանում պաշտոնական այցով գտնվող ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպմանը:
ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում կողմերը մասնավորապես խոսել են երկու երկրների տնտեսական փոխհարաբերությունների զարգացման մասին:
Արա Բաբլոյանը նաև նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի ու Վրաստանի միջև ձեևավորվել են տնտեսական գործընկերության հստակ ուղղություններ, որոնք մասնավորապես ներառում են տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսական ապրանքների վերամշակման ոլորտները:
ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է ապակենտրոնացված համագործակցության խորացման կարևորությունը: Որպես երկրների տարածաշրջանների փոխգործակցության լավ օրինակ՝ Արա Բաբլոյանը նշել է Աջարիայի և Լոռու մարզի միջև կապերը:
ՀՀ խորհրդարանի ղեկավարն, այնուամենայնիվ, արձանագրել է, որ առեւտրատնտեսական ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում: Արա Բաբլոյանը հավաստիացրել է, որ խորհրդարանականները պատրաստ են հանդես գալ օրենսդրական անհրաժեշտ նախաձեռնություններով՝ կոնկրետ բնագավառների խնդիրները լուծելու համար: Խորհրդարանի ղեկավարի կողմից կարևորվել է Վերին Լարս սահմանային անցակետի անխափան գործունեությունը, որը հատկապես այս ժամանակահատվածում Հայաստանից գյուղատնտեսական ապրանքների արտահանման հիմնական և առավել նախընտրելի ճանապարհն է:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին գոհունակությամբ է խոսել վրաց-հայկական կայուն զարգացող հարաբերությունների մասին՝ միաժամանակ նշելով, որ առկա 400 միլիոն դոլար կազմող առև տրաշրջանառության ծավալներն անհրաժեշտ է մեծացնել:
Գիորգի Կվիրիկաշվիլին երկկողմ համագործակցության զարգացման համար առավել կարևոր ոլորտներից հատկապես առանձնացրել է զբոսաշրջությունը: Ըստ նրա՝ հաշվի առնելով երկու երկրների հարուստ պատմամշակութային ժառանգությունը՝ անհրաժեշտ է պատրաստել համատեղ տուրիստական փաթեթներ: Վարչապետը միաժամանակ հավաստիացրել է, որ Վրաստանը բաց է բարեկամ Հայաստանի հետ քննարկելու համագործակցության զարգացման հնարավորությունները ցանկացած ոլորտում:
Հարակից հրապարակումներ`
- «Մեր եղբայրական սիրտը ցավում է ադրբեջանա-հայկական հակամարտության համար». Վրաստանի նախագահ
- Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան