Հայաստանը չպետք է ակտիվ քայլեր ձեռնարկի Իրաքյան Քուրդիստանի ճանաչման ուղղությամբ. Ռուբեն Մեհրաբյան
Իրաքյան Քուրդիստանում անցկացված անկախության հանրաքվեն Հայաստանի հետ անմիջական առնչություն ունի, որովհետև Հայաստանի առնվազն երկու հարևաններ՝ Իրանը և Թուրքիան, այդ իրադարձության հետ կապված շահեր ունեն: Ուզենք, թե չուզենք, հանրաքվեն Հայաստանի վրա ազդելու է: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
«Հայաստանը, սակայն, չպետք է առաջինն ակտիվ քայլեր ձեռնարկի Իրաքյան Քուրդիստանի ճանաչման ուղղությամբ, չանի քայլեր, որոնք բարդություններ կստեղծեն Իրանի հետ հարաբերություններում: Հայաստանի կողմից դրական չեզոքությունն ամենաօպտիմալ որոշումը կլինի: Հայաստանը պետք է հանդես գա բոլոր հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու օգտին, այլապես հնարավոր հումանիտար աղետները չեն բխում մեր շահերից»,- ընդգծեց բանախոսը:
Ռուբեն Մեհրաբյանը նշեց՝ տարածաշրջանը մուտք է գործել փոթորկալից իրադարձությունների հորձանուտ, իսկ ԱՄՆ-ն ձգտելու է, որ անկառավարելի գործընթացներ տարածաշրջանում տեղի չունենան:
Ինչ վերաբերում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ օրերս ՄԱԿ-ի ամբիոնից հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու հնարավորության մասին հայտարարությանը, փորձագետը նշեց՝ Թուրքիան ոչ կվախենա, ոչ էլ կհուզվի Սերժ Սարգսյանի խոսքերից:
«Այդ փաստաթղթերը վաղուց են մեռած, մեռած էին դեռ այն ժաանակ, երբ գրվեցին: Սա պարզապես հիշեցում էր Թուրքիային և փորձ՝ երկկողմ միջպետական հարաբերությունների վրա ուշադրություն հրավիրելու»,- ասաց բանախոսը:
Անդրադառնալով «Ելք» դաշինքի՝ Հայաստանը ԵԱՏՄ կազմից դուրս բերելու մասին օրինագծին, Ռուբեն Մեհրաբյանն ընդգծեց՝ նախաձեռնությունն իրականություն կդառնա միայն այն ժամանակ, երբ «Ելք»-ն ունենա հանրային աջակցություն:
«Անկախ ամեն ինչից՝ Հայաստանն այլընտրանք չունի, քան դուրս գալ միություններից, որոնք ոչ Եվրոպա են, ոչ Ասիա: Սա գործընթացի միայն սկիզբն է»,- ամփոփեց բանախոսը:
Հարակից հրապարակումներ`
- Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեի առաջին արդյունքները
- Իրանը չի սրի պաշտոնական Բաղդադի և Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների հետ հարաբերությունները. իրանագետ
- Իրաքյան Քուրդիստանում մեկնարկել է անկախության հանրաքվեն
- Իրաքյան Քուրդիստանը հայտարարել է հանրաքվեի ամսաթիվը տեղափոխելու պատրաստակամության մասին
- Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի հետ կապված ՀՀ-ն բավական զգույշ դիրքորոշում ունի. Վ.Պետրոսյան
- Չավուշօղլուն պահանջել է չանցկացնել անկախության հանրաքվե Իրաքյան Քուրդիստանում