Երևանի պետական կրկեսը դեռ մեկ տարի էլ հանդիսատես չի ընդունի
Երևանի կրկեսի շենքն արդեն պատրաստ է, կատարվում են ներքին աշխատանքներ, որոնք դեռ մեկ տարի էլ կշարունակվեն:
«Հարցնում եմ շինարարներին, թե երբ կավարտվի, ասում են՝ մեկ տարուց»,- Panorama.am-ին ասաց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, «Հայաստանի կրկեսային գործիչների միության» նախագահ, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը:
Նա նշեց, որ ներքին աշխատանքների իրականացման համար հատուկ մասնագետներ են հրավիրում Մոսկվայից, ովքեր մասնագիտացված են կրկեսային տնտեսության, անվտանգության, տեխնոլոգիաների գծով. «Մի քանի օրից Երևան կժամանի Մոսկվայից՝ Նիկուլինի անվան կրկեսի գլխավոր տեխնոլոգ Վլադիմիր Տարասովը, ով լուսային, ձայնային, օդային համակարգերի մասնագետ է»։
Նաև ասաց, որ կրկեսն, ընդհանրապես, բարդ մեխանիզմ, կառուցվածք ունեցող շինություն է, հաճախ անհրաժեշտ են լինում նյութեր, որոնք Հայաստանում չկան, բերում են հիմնականում Մոսկվայից. «Այդ իսկ պատճառով մի քիչ ուշանում է մեր կրկեսի շինարարության ավարտը»:
Ս. Պետրոսյանը տեղեկացրեց, որ կրկեսի անձնակազմը շարունակում է ստեղծագործական աշխատանքը, Ենգիբարյանի անվան մանկական կրկես-ստուդիան նոր է վերադարձել Արցախից, որտեղ ելույթներ են ունեցել բոլոր գյուղերում, զորամասերում:
Հիշեցնենք, որ դեռևս 2011 թվականի ապրիլին Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ «Տաշիր Գրուպ»-ի հետ կնքած պայմանագրով վերջինս պետք է վերանորոգի Երևանի կրկեսը: Երևանի կրկեսի շենքը որոշվեց քանդել, երբ փորձագետները հանգեցին եզրակացության, որ աննպատակահարմար է վերակառուցել եղած հին շինությունը։ 2011թ. օգոստոսի 1-ից սկսվել են Երևանի պետական կրկեսի կառուցման աշխատանքները: Նոր շենքի նախագծի հեղինակն է ճարտարապետ Վահագն Վերմիշյանը:
Կրկեսի շենքը 1962թ. հիմնադրման օրվանից հետո չի վերանորոգվել:
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհում միայն երևանյան կրկեսը կունենա երկհարկանի ավտոկայանատեղի. Սոս Պետրոսյան
- Նախկին կրկեսից հարյուր անգամ ավելի լավ տեսքով կրկես ենք ունենալու. Սոս Պետրոսյան
- Երևանի կրկեսը 2017-ին կհանձնվի շահագործման. նախարար
- Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար. Համբերություն մեր քաղաքացիներին
- Երևանի կրկեսը կբացվի մինչև 2016 թվականի վերջ. Ս. Պետրոսյան