Քուրդիստանի սահմանին Թուրքիայի զորավարժություններին միացել է Իրաքի բանակը
Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբը հայտարարել է, որ իրաքյան Քուրդիստանի սահմանին սկսված զորավարժություններին մասնակցելու է նաև Իրաքի զինուժը:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, թուրքական «Internethaber» լրատվամիջոցի համաձայն՝ Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի պաշտոնական կայքում արդեն հրապարակվել են թուրք և իրաքցի զինվորների համատեղ լուսանկարները:
Իրաքի պաշտպանության նախարարությունը իր հերթին հաստատել է նշյալ տեղեկությունը և շեշտել, որ զորավարժությունները լայնամասշտաբ են լինելու: Ընգծվում է, որ զորավարժություններին իրաքյան զինվորների մասնակցության մասին հայտարարվեց այն բանից հետո, երբ իրաքյան Քուրդիստանում կայացավ անկախության հանրաքվեն: Հայտարարության համաձայն՝ երկու երկրները հանրաքվեի հետ կապված համապատասխան միջոցառումներ են ձեռնարկելու:
Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները սեպտեմբերի 18-ին սկսել էին զորավարժություններ անցկացնել՝ Սիլոպի-Հաբուր սահմանային շրջանում:
Թուրքական «Yeniakit» լրատվական կայքն էլ հիշեցնում է, որ սեպտեմբերի 24-ին Անկարայում հանդիպել էին Թուրքիայի և Իրաքի զինուժի գլխավոր շտաբի պետերը:
Իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեի նախնական արդյունքներից պարզվել է, որ ընտրողների 93%-ը կողմ է քվեարկել: Անկախությանը դեմ է քվեարկել ընտրողների 6.7%-ը:
Հարակից հրապարակումներ`
- Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեի առաջին արդյունքները
- Թուրքիան ընդլայնել է Քուրդիստանի սահմանին սկսած զորավարժության մասշտաբները
- Թուրքիան հանրաքվեից առաջ Իրաքի հետ սահմանին զորավարժություն է սկսել