Երևանում Արմեն Երիցյանի անվան դպրոց է բացվել
Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում բացվել է Արմեն Երիցյանի անվան ավագ դպրոցը: Բացման արարողությանը մասնակցել են կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության ԿԳ նախարար Օլգա Վասիլևան:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Լևոն Մկրտչյանը նշել է, որ Արմեն Երիցյանը մեծ ներդրում է ունեցել հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում:
«Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի հիմնադրումը կարևոր իրադարձություն է և գիտակրթական, և քաղաքական առումով, երբ Ռուսաստանի առաջին համալսարանն իր մասնաճյուղն է հիմնում մեր երկրում: Վստահ եմ, որ մեր գործընկերների օգնությամբ, ովքեր իրենց վրա են վերցրել այս ուսհաստատության կայացման ծանրությունը, քայլ առ քայլ կունենանք լուրջ, բնական գիտությունների վրա հենված կրթօջախ, որը կնպաստի մեր երկրի անկախության կայացմանն ու զարգացմանը»,-նշել է Լևոն Մկրտչյանը:
ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևայի խոսքով՝ պատահական չէ, որ Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի ավագ դպրոցը կոչվել է Արմեն Երիցյանի անունով: Ըստ ՌԴ ԿԳ նախարարի, մեծ ջանքեր է ներդրել միջազգային համագործակցության ամրապնդման գործում, եղել է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի, Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի և դրան կից դպրոցի հիմնադիրներից մեկը:
«Վստահ եմ, որ այս լուսավոր անունը կդառնա խորհրդանիշ, որն իր մեջ կկրի կարևոր սկզբունքներ՝ հայրենիքի հանդեպ սեր, մարդասիրություն, կրթություն»,-ասել է ռուսաստանցի նախարարը:
ՀՀ և ՌԴ կրթության և գիտության նախարարներն այցելել են նաև Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարան: Բուհի ռեկտոր Արմեն Դարբինյանի ուղեկցությամբ Լևոն Մկրտչյանն ու Օլգա Վասիլևան շրջել են համալսարանում, ծանոթացել լաբորատորիաներին և հետազոտական աշխատանքների համար նախատեսված բոլոր պայմաններին: Այնուհետև նախարարները ներկա են գտնվել համալսարանում ընթացող ռուսաց լեզվին նվիրված գիտաժողովի փակման նիստին:
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ու ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլևան այցելել են նաև Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, որտեղ ՌԴ պատվիրակության ներկայացուցիչները ծանոթացել են գիտահետազոտական ինստիտուտում պահպանվող հին ձեռագրերին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները