
Միշտ ականջալուր եք եղել ֆրանսիացի ներդրողների և գործարարների խնդիրներին. Շարպանտիե
«Շնորհակալ եմ Ձեզ և Ձեր ղեկավարած գերատեսչությանը, քանի որ միշտ ականջալուր եք եղել ֆրանսիացի ներդրողների և գործարարների խնդիրներին և աջակցել նրանց։ Հրաժեշտից առաջ անպայման ցանկանում էի Ձեզ հետ հանդիպել»,- այս մասին նշել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն՝ նախօրեին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպմանը։
Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախարարը և դեսպանը քննարկել են վերջին շրջանում հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության հաջողված նախագծերը, այդ թվում՝ «Բիզնես ֆրանսի» նախաձեռնած ծրագրերը, Ֆրանսիական զարգացման գործակալության հետ փոխգործակցությունը և մի շարք մասնավոր ծրագրեր՝ ընգծելով դրանց շարունակականության անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում Սուրեն Կարայանը և Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն անդրադարձել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առևտրաշրջանառության ծավալներին։ Կողմերը հաստատել են, որ դրանց ավելացման շուրջ պետք է մեկտեղեն ջանքերը։ Հատուկ ուշադրության է արժանացել նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնումը։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հանդիպման ավարտին շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-ֆրանսիական կապերի ամրապնդման և, մասնավորապես, տնտեսական համագործակցության զարգացման գործընթացում ունեցած դերակատարության համար և հաջողություն մաղթել հետագա աշխատանքում։