Որևէ բրիտանական անուն չեմ լսել, որ հիշատակվի փող վերցնելու առումով. բրիտանացի նախարարը՝ «Ադրբեջանական լվացքատան» մասին
Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների նախարար Սըր Ալան Դանքընը չի հիշում, որ «Ադրբեջանական լվացքատան»՝ վերջերս բացահայտված կոռուպցիոն սկանդալում նաև բրիտանացի գործիչների անուններ բարձրաձայնված լինեն: Այս մասին նա ասաց այսօր՝ ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած «Միացյալ Թագավորություն և Հայաստան-խորհրդարանական ժողովրդավարության գործընկերներ» խորագրով միջոցառման ժամանակ:
«Ես լիովին հասկանում եմ կատարվածը: Սակայն ես որևէ բրիտանական անուն չեմ լսել, որ հիշատակվի փող վերցնելու առումով: Եղել է, բայց վերջին անգամ 6 տարի առաջ: Ես վերջերս նման բան չեմ տեսել: Կարծում եմ, որ եթե կան մեղադրանքներ, դրանք պետք է քննվեն»,- ընդգծեց բրիտանացի գործիչը:
Հիշեցնենք, որ «The Guardian» պարբերականի կողմից վերջերս անցկացված լրագրողական հետաքննությունը սկանդալային բացահայտումներ էր արել Ադրբեջանի ղեկավարության կողմից եվրոպացիներին կաշառելու վերաբերյալ։
Բացահայտվել է, որ Ադրբեջանի իշխող վերնախավը 2.9 մլրդ դոլարի գաղտնի ծրագիր է իրագործել՝ հայտնի եվրոպացիներին վճարելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու և ոչ թափանցիկ բրիտանական ընկերությունների միջոցով փող լվանալու համար:
Բացահայտված տվյալները ապացուցում են, որ Ադրբեջանի ղեկավարությունը, որը մեղադրվում է մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների, պարբերական կոռուպցիոն գործարքների և ընտրությունները կեղծելու մեջ, 2012-2014 թվականներին ավելի քան 16 000 գաղտնի վճարումներ է կատարել։
Հարակից հրապարակումներ`
- «Ադրբեջանական լվացքատուն». Մերկելի կուսակիցն ու ԵԽԽՎ պատգամավորը ևս կաշառվել է Ադրբեջանի կողմից
- «Ադրբեջանական լվացքատուն». Սկանդալային բացահայտումներ Ադրբեջանի կողմից եվրոպացիներին կաշառելու վերաբերյալ