Մեծ Բրիտանիան սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին. Ալան Դանքըն
Մեծ Բրիտանիան լիովին սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Այսօր ՀՀ ազգային ժողովում կայացած «Միացյալ Թագավորություն և Հայաստան-խորհրդարանական ժողովրդավարության գործընկերներ» խորագրով միջոցառման ժամանակ այս մասին ասաց Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների նախարար Սըր Ալան Դանքընը:
«Մեր տեսակետն է փորձել քաջալերել երկու կողմերին, որպեսզի նոր թափ հաղորդեն վստահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին: Եթե հակամարտությունը լուծվի, կապահովվի վիթխարի տնտեսական առաջընթաց: Խնդրի լուծումը մեծ դեր կխաղա տարածաշրջանային անվտանգության և ապահովության հարցում»,- ասաց եվրոպացի գործիչը:
Անդրադառնալով Միացյալ թագավորության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝ Սըր Ալան Դանքընը նկատեց, որ դա ավելի շուտ իրավական սահմանում է, և իրենց դիրքորոշումն ի սկզբանե այս հարցում հստակ է եղել:
«Մենք դատապարտում ենք այս հանցագործությունը, դատապարտել ենք նաև 100 տարի առաջ: Կան խորհրդարանական փաստաթղթեր, որոնցում այն ժամանակ եղել են մեկնաբանություններ, գնահատականներ տեղի ունեցած վայրագություններին: Մենք շարունակում ենք այդ դատապարտումը: Մենք անվերապահորեն դատապարտում ենք տեղի ունեցածը»,- ասաց Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների նախարարը: