Նախագահը ներկա է գտնվել «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի շնորհանդեսին
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն երեկ երեկոյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում ներկա են գտնվել «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի շնորհանդեսին: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Միջոցառման շրջանակներում ներկայացվել են «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից վերջին շրջանի հրատարակությունները՝ Մակար Եկմալյանի «Պատարագի» ամբողջացված վերահրատարակությունը` լատինատառ տառադարձությամբ (տրանսլիտերացիայով) և հայ եկեղեցու երաժշտածիսական կարևորագույն մատյաններից մեկը` «Ժամագիրքը», որն առաջին անգամ է լույս տեսնում եվրոպական նոտագրությամբ և տպագրության միջազգային չափանիշներին համապատասխան: Երկու մատյաններն էլ հրատարակվել են երաժշտագիտական նախաբաններով, վերլուծություններով և բացատրություններով` հայերեն և անգլերեն:
«Մշակութային վերածնունդ» հիմնադրամի հիմնադիր-նախագահ Արթուր Ջանիբեկյանը ներկայացրել է «Հայկական ազգային երաժշտական գանձատուփը»՝ շարժական նվագարկիչը, որպես «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի խորհրդանիշ, որտեղ զետեղված են հիմնադրամի կողմից ձայնագրված և թվայնացված 500-ից ավելի ժողովրդական, հոգևոր և աշուղական երաժշտական նմուշներ: Արթուր Ջանիբեկյանը «Հայկական ազգային երաժշտական գանձատուփ»-ի առաջին նմուշը ընծայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:
Իրականացված հսկայածավալ աշխատանքը, որ եղել է Կոմիտաս Վարդապետի կյանքի երազանքը, նրա ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, որպես նվեր է մատուցվել մեծ Վարդապետի հիշատակին:
Երեկոյի ընթացքում ցուցադրվել է ֆիլմ` հայ ավանդական երաժշտության և «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի ծավալած գործունեության մասին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքից հետո շնորհանդեսն ավարտվել է Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ և Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ «Ժամագրքից» և «Պատարագից» հատվածների ներկայացմամբ:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ջանիբեկյանի նախաձեռնությամբ 140 տարի անց առաջին անգամ եվրոպական նոտագրությամբ լույս տեսավ Ժամագիրքը
- Արթուր Ջանիբեկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլովակ են նախաձեռնել