Հայաստանում գրանցվել է տնտեսական աճի բարձր ցուցանիշ, բայց կան նաև մտահոգիչ մարտահրավերներ. Մանուկ Հերգնյան
Հայաստանում տնտեսական աճ ապահովող հիմնական ոլորտներն են՝ հանքարդյունաբերությունը, մշակող արդյունաբերությունն ու առևտուրը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը՝ Համաշխարհային մրցունակության զեկույցի արդյունքների ներկայացման ժամանակ:
Հիշեցնենք, որ զեկույցի համաձայն՝ Հայաստանը 6 կետով բարելավել է դիրքը` 137 երկրի շարքում զբաղեցնելով 73-րդ տեղը:
Մանուկ Հերգնյանը հիշեցրեց, որ 2017 թվականի առաջին եռամսյակում հանրապետությունում գրանցվել է 6.5 տոկոս տնտեսական աճ, իսկ երկրորդ եռամսյակում՝ 5.5 տոկոս: «Սրանք վերջին շրջանում ձևավորված ամենաբարձր տնտեսական աճի ցուցանիշներն են: Դրանք մեզ հույս են տալիս ենթադրելու, որ մրցունակության հիմնարարների բարելավումը հնարավորություն է ստեղծում մեծ տնտեսական աճ ապահովելու»,- նշեց նա:
Մանուկ Հերգնյանը մտահոգիչ համարեց գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշները, որոնք, ըստ նրա, կարող են սեզոնային բնույթ կրել կամ պայմանավորված լինել կլիմայական պայմաններով:
Ինչ վերաբերում է արտաքին առևտրին, ապա Հայաստանում լուրջ աճ է գրանցվել ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման ոլորտներում: «Արտահանումն աճել է շուրջ 26 տոկոսով, ինչը բավական լավ ցուցանիշ է վերջին մի քանի տարիների ընթացքում: Ներմուծման աճն էլ ցույց է տալիս, որ ճգնաժամից հետո սպառողական շուկաները վերականգնվում են»,- ասաց կենտրոնի ղեկավարը:
Մանուկ Հերգնյանի խոսքերով՝ բացասական միտումներ են նկատվել օտարերկրյա ներդրումների ներհոսքի մասով: «Օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 75-85 մլն դոլար։ Սա շատ կարևոր ցուցանիշ է, քանի որ ներդրումներն են խթանելու տնտեսական աճը: Այն կարող է կանգ առնել, եթե չուղեկցվի ներդրումների աճով»,- նշեց նա:
Նա նաև ասաց, որ տնտեսական քաղաքականության ոլորտում կան մի շարք մարտահրավերներ, որոնցից հատկապես մտահոգիչ են երեքը: Առաջինն, ըստ Մանուկ Հերգնյանի, աղքատության հաղթահարումն է և ներառական աճը, երկրորդը՝ նոր տնտեսական հնարավորությունների ստեղծումը, նոր արտահանման շուկաները, ներդրումների հոսքը:
«Երրորդ`բավական բարդ և կարևոր մարտահրավերը, տեխնոլոգիական վերափոխումն է: Այսօր աշխարհում ընթանում են ռադիկալ տեխնոլոգիական փոփոխություններ, որոնք էական ազդեցություն ունեն շատ ոլորտներում, մասնավորապես, փոխում են տնտեսության կառուցվածքը, առաջ են բերում տեխնոլոգիական գործազրկություն և այլն: Ուստի Հայաստանի համար շատ կարևոր է յուրացնել նոր տեխնոլոգիաները, չեզոքացնել վտանգները և դրանից օգտվելով՝ բարձրացնել տնտեսության մրցունակությունը»,- «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում