Ու՞մ թեթև ձեռքով է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում
Ադրբեջանի ՊՆ-ի կողմից անցած շաբաթ հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ չեխական ռազմական տեխնիկան հայտնվել է ադրբեջանական բանակի տրամադրության տակ։ Խոսքը գնում է Czechoslovak Group հոլդինգի արտադրության Dana M1 տեսակի հաուբիցներ և RM 70 տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մասին։ Միևնույն ժամանակ պաշտոնապես Չեխիան էմբարգո է պահպանում Ադրբեջան զենքի առաքման մասով։ Այս մասին գրում է 420on.cz-ը:
Չեխիայի պետական կառույցներն ու հատուկ ծառայություններն ուսումնասիրում են տեսանյութերն ու ուղիները, որոնցով տվյալ սպառազինությունը հայտնվել է Ադրբեջանում: Չեխական հոլդինգի ներկայացուցիչները պնդում են, որ զենք վաճառելիս խստորեն պահպանում են բոլոր օրենքներն ու միջազգային կանոնները:
Չեխիայի ՊՆ ներկայացուցիչ Յան Պեշեկը հայտնել է, որ վերջին տարիներին նախարարությունը դեպի Ադրբեջան ռազմական զենքի արտահանման հարց չի քննարկել: Ըստ նրա, հայտնի չէ, թե ինչպես կարող էր վերոնշյալ սպառազինությունը հայտնվել այնտեղ:
Չեխիայում լրագրողներ նույնպես սկսել են իրենց սեփական հետաքննությունը, որում մասնակցում է նաև լրագրող Օնդրա Սաուկուպը։ «Էխո Կավկազ»-ի հետ զրույցում Սաուկուպը նշել է, որ լրագրողները դիմել են Չեխիայի ԱԳՆ, որը արտահանման արտոնագրեր է տրամադրում և պարզել են, որ ո՛չ ԱԳՆ-ն, ո՛չ Պաշտպանության նախարարությունը ոչ մի արտոնագիր չի տրամադրել։
«Ավելին, ԱԳՆ-ն հայտարարել է, որ անցած տարի նման վաճառքի արտոնագրի համար դիմում է ներկայացվել Ադրբեջանի կողմից, սակայն նրանք մերժել են, քանի որ Չեխիան հավատարիմ է ԵՄ-ի կողմից սահմանված էմբարգոյին, համաձայն որի՝ Հայաստանին և Ադրբեջանին զենք չպետք է մատակարարել։
Մեզ հայտնել են, որ ներկա պահին այս հարցով զբաղվում են Չեխիայի իրավապահները»,-նշել է վերջինս։
Հարցին, թե արդյո՞ք Իսրայելը կարող էր չեխական արտադրության սպառազինություն մատակարարել առանց ԱԳՆ-ի արտոնագրի, վերջինս պատասխանել է, որ զենքի յուրաքանչյուր արտահանում լիցենզավորվում է հենց Պաշտպանության նախարարության, ԱԳՆ-ի և արդյունաբերության նախարարության կողմից։
«Այլ բան է, որ Իսրայելը կարծես թե դաշնակից է, և եթե Իսրայելը նշել է, որ մենք վերջնական սպառողներ ենք, ապա ոչ մի պատճառ չկա նման արտոնագրի տրամադրելու մերժման համար։ Մենք կարծում ենք, որ Իսրայելի միջոցով այն կարող է հասնել, սակայն պաշտոնական պատասխան մենք չունենք։
Չեխիայի արտադրողները հավաստիացնում են, որ փաստաթղթերի հետ ամեն ինչ կարգին է և ես հակված են նրանց վստահելու, քանի որ նրանք ավելի հավանական է, որ կգտնեին միջոց նման էմբագոն շրջանցելու համար։ Հնարավոր է, որ այն իրականացվեր տարբեր ուղիներով, միգուցե նրանք ամբողջը վաճառել են իսրայելական ընկերություններին և հետո դրանք վաճառվել են Ադրբեջանին»,-նշել է Սաուկուպը։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանն անդրադարձել է Ռուսաստանից S-400 համակարգեր գնելու թեմային
- Իսկ ինչ end-user certificate է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան