ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ. Ստատուս քվոն անընդունելի է
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Քրիստիան Վիգենինն ավարտել է Ադրբեջան կատարած երկօրյա այցը՝ կոչ անելով հատուկ ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ տարածաշրջանում ապրող մարդկանց վրա ունեցած ազդեցությունը:
Վեհաժողովի մամուլի ծառայության հաղորդմամբ, հատուկ ներկայացուցիչը Բաքվում հանդիպել է ԱԺ նախագահի, պաշտպանության նախարարի , ԵԱՀԿ ԽՎ խորհրդարանական պատվիրակության անդամների հետ: Երկուշաբթի նա եղել է Մասազիր շրջանում հանդիպելու տեղի մարդկանց հետ:
«Մենք երբեք չպետք է մոռանանք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է զոհերի պատճառ դառնալ: Ստատուս քվոն պարզապես անընդունելի է: Ես մտադիր եմ շարունակել աշխատանքս, որպեսզի այս ողբերգական իրողությունը քաղաքական առաջնորդների օրակարգի բարձր տեղերում պահենք: Մենք չենք կարող թույլ տալ, որ խուսափենք կյանքեր փրկելուց», - ասել է Վիգենինը:
Հիշեցնենք, որ հատուկ ներկայացուցիչն Ադրբեջանում էր Հարավային Կովկասում կատարած մեկ շաբաթյա այցի շրջանակում: Նա կլինի նաև Վրաստանում ու Հայաստանում:
ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը վերահաստատել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, նա իր աջակցությունն է հայտնել խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Նա կոչ է արել բոլոր կողմերին դադարեցնել ագրեսիվ հռետորաբանությունը և առավել կառուցողական ջանքեր գործադրել խաղաղության հասնելու համար՝ այդ գործում կարևորելով քաղաքական կամքի առկայությունը:
Նա ողջունել է առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նախատեսված հանդիպումը, ընդգծել է, որ հակամարտության լուծման վերջնական պատասխանատվությունը երկու երկրների կառավարություններինն է, իսկ միջազգային հանրության առավել մեծ ուշադրությունը կարող է աջակցել խաղաղության հասնելու ջանքերին: Նա նշել է հակամարտության կարգավորման գործում խորհրդարանական կառուցողական երկխոսության կարևորությունը:
Վիգենին տարածաշրջանային այցի վերաբերյալ ԵԱՀԿ ԽՎ կոմիտեում զեկույց կներկայացնի հոկտեմբերի 4-ին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին