Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամությունը դադարեցնելու հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը մերժվեց
Որևէ հիմնավորում չկա, որպեսզի Հայաստանի՝ ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին «Ելք» խմբակցության ներկայացրած նախագիծը քննարկվի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում: Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամության դադարեցման նախագծին նվիրված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ չի տեսնում անդամության դադարեցմանն առնչվող հարցեր, որոնք չեն կարող քննարկվել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում:
«Ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը հիմնավորված չէ»,- պնդեց խորհրդարանականը:
Քննարկմանը ներկա ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն իր հերթին նկատեց, որ Դաշնակցությունն ի սկզբանե դրական է գնահատել «Ելք»-ի նախաձեռնության քննարկումը, քանի որ ցանկացած քննարկում իրենով օգտակար է: ԵԱՏՄ անդամությունը դադարեցնելու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժող ստեղծելու առաջարկը, սակայն, ըստ ՀՅԴ-ի, ճիշտ չէ:
Ինչ վերաբերում է «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանին, ապա վերջինս շեշտեց, որ իրենք միանշանակ կողմ են հարցի քննարկմանը:
«Սակայն ԵԱՏՄ անդամությունը դադարեցնելու վերաբերյալ «Ելքի» բերած հիմնավորումները մեզ չեն բավարարում»,-ասաց նա:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակն Զեյնալյանն ի պատասխան պնդեց, որ հարցի բովանդակային-խորքային քննարկումը հնարավոր է միայն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պարագայում:
Նրա գործընկեր Արամ Սարգսյանն էլ հանձնաժողովի ստեղծմանը դեմ արտահայտվող պատգամավորներին զայրացած հարց ուղղեց. «Ինչո՞ւ եք այսպես թշնամաբար տրամադրված: Խոսում եք ժողովրդավարության մասին, բայց ինչո՞ւ չեք ուզում, որ ժամանակավոր հանձնաժողով ստեղծվի: Այս հարցը մտցնելը կարող է երկրին օգուտ բերել»:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը չհամաձայնեց «Ելքի» պատգամավորի հետ՝ ընդգծելով, որ ժամանակավոր հանձնաժողովի անհրաժեշտություն բացարձակ չի տեսնում:
Քննարկման ավարտին 1 կողմ, 10 դեմ ձայներով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը մերժվեց:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան