Հայաստանին թանկացումների նոր ալիք է սպասվում. «Ժողովուրդ»
ԵԱՏՄ-ում 2018 թվականից այլևս չեն գործի Հայաստանի համար մի շարք ապրանքատեսակների համար սահմանված մաքսային արտոնությունները: Այսինքն՝ հաջորդ տարվանից երրորդ երկրներից ներկրված շուրջ 759 անուն ապրանքներ կմաքսազերծվեն ԵԱՏՄ-ում գործող միասնական դրույքաչափերով: Սա նշանակում է, որ Հայաստանում սպասվում է գնաճի նոր ալիք, ընդ որում՝ թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ՝ կարագ, շաքարավազ, սուրճ, միս, կակաո և այլն:
«Ժողովուրդ»-ին նաև հայտնի դարձավ, որ իշխանությունները հոգացել են, որպեսզի սպասվող հետևանքներն իրենց միանգամից զգացնել չտան. մաքսատուրքերի՝ ԵԱՏՄ ընդհանուր դրույքաչափերին համապատասխանեցման գործընթացը սկսել է իրականացվել մաս-մաս՝ այս տարիների ընթացքում:
«Բայց վերջնարդյունքում կարող ենք արձանագրել, որ թանկացումներ եղել են ու լինելու են, պարզապես այնպես է արվել, որ մարդիկ այդ ամենն իրենց մաշկի վրա միանգամից չզգան ու չհակազդեն: Իսկ եթե բնակիչները չեն ցանկանում թանկ վճարել, ստիպված են գնելու ԵԱՏՄ անդամ երկրներում արտադրված իրերը, որոնք շատ դեպքերում որակապես զիջում են եվրոպական արտադրանքին: Ճիշտ և ճիշտ խորհրդային տարիների նման»,-գրել է թերթը: