Անկախացումից հետո պայթյունավտանգ իրավիճակը քիչ հավանական է. քրդագետ
«Լավ թե վատ, թափանցիկ, թե ոչ այնքան թափանցիկ, Քրդստանի անկախությունը կայացավ այս փաստի հետ հաշվի նստեցին գերտերությունները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քրդագետ Կարեն Հովհաննիսյանը՝ նշելով, որ առաջին արձագանքները եղան Մոսկվայից և ԱՄՆ-ից:
Քրդագետի կարծիքով, հանրաքվեն անցկացվեց բավականին խաղաղ, ինչը զայրացրեց Թուրքիային, ով սպասում էր բախումների և քաղաքացիական պատերազմների:
«Դիտորդական առաքելության կազմում ընդգրկված էին նախկին պաշտոնյաներ, ովքեր հանրաքվեից հետո հայտարարեցին, որ այն անցել է խաղաղ ու թափանցիկ: Օրինակ՝ Ֆրանսիայի նախկին արտգործնախարարն անմիջապես հանրաքվեից հետո հայտարարեց, որ հանրաքվեն անցել է բավականին թափանցիկ, նա նաև նշեց, որ ով էլ լիներ Քրդստանի ժողովրդի փոխարեն նույնը կաներ, և նրանք վաստակել են այդ անկախության հանրաքվեն: Ֆրանսիայի նախկին արտգործնախարարը նաև մատնանշել է Սևրի դաշնագիրը, որով խոստացել էին այդ անկախությունը, բայց չէին կատարել: Սա կարևոր հայտարարություն էր նաև հայերի համար»,- նշեց Կարեն Հովհաննիսյանը:
Նա հետաքրքրական համարեց Թուրքիայի, Իրանի ու Իրաքի արձագանքը. «Իրանը Իրաքյան Քրդստանի հետ սահմանին զորք էր տեղակայել, սակայն հայտարարեց որ ոչ մի ռազմական գործողություն տեղի չի ունենալու: Թուրքիան էլ Իրաքյան Քրդստանի ամենամեծ անցակետի մոտ զորավարժություններ էր անցկացնում, և սեպտեմբերի 25-ին հայտարարեց, որ դրանք անցկացնում է Իրաքի հետ, բայց սա ուղղակի հայտարարություն էր»:
Քրդագետի կանխատեսումներով՝ պայթյունավտանգ վիճակ կախված Քրդստանի հետ քիչ հավանական է, քանի որ Թուրքիան գիտակցում է՝ Քրդստանի տարածքում կան հինգ ամերիկյան ռազմաբազաներ. «Ռազմական գործողություններ տեղի կունենան, բայց այն դժվար թե ուղղված լինի Քրդստանի անկախության դեմ»:
Նա հավանական համարեց Քրդստանի անկախության հռչակումը և հավելեց՝ նշվում է, թե հռչակագիրը հնարավոր է ընթերցվի 2018 թվականի մարտի 21-ին:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանն Իրաքյան Քուրդիստանին սպառնացել է ռազմական օպերացիայով
- Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեի առաջին արդյունքները
- Էրդողանը սպառնացել է քրդերի հանրաքվեի պատճառով դադարեցնել Հյուսիսային Իրաքից նավթի հոսքը
- Իրան. Չպետք է թույլ տալ, որ Իրաքի Քրդստանն ու Իրանի Քրդստանը նմանվեն արևելյան և արևմտյան Բեռլինին
- Իրաքյան Քուրդիստանում մեկնարկել է անկախության հանրաքվեն
- Բարզանին անգամ արյունահեղության գնով պատրաստ է հանրաքվե անցկացնել. թուրքագետ