Մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանը դիրքերը բարելավել է 6 կետով
Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած Համաշխարհային մրցունակության զեկույցի համաձայն՝ Հայաստանը 6 կետով բարելավել է դիրքը` 137 երկրի շարքում զբաղեցնելով 73-րդ տեղը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով զեկույցի հիմնական արդյունքները:
Նշենք, որ նախորդ տարի 138 երկրի շարքում Հայաստանը զբաղեցնում էր 79-րդ տեղը:
Համաշխարհային մրցունակության զեկույցում երկրների մրցունակությունը գնահատվում է Համաշխարհային մրցունակության ցուցչի (ՀԱՄ ցուցիչ) միջոցով: Այն մշակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից և հաշվարկվում է մրցունակության 12 հենասյուների հիման վրա:
Սևակ Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանը երկու ցուցանիշով է գրանցել վատթարացում՝ մակրոտնտեսական միջավայր և տեխնոլոգիական պատրաստվածություն, իսկ մնացած 10 հենասյուների ցուցանիշներում գրանցել է բարելավում:
Մասնավորապես, զգալի առաջընթաց են գրանցել առողջապահության և տարրական կրթության, նորարարության, գործարարության կատարելագործվածության, ինստիտուտներ և ապրանքների շուկայի արդյունավետության հենասյուները: Որոշ դրական փոփոխություններ են գրանցել նաև շուկայի չափ, ենթակառուցվածքներ, աշխատուժի շուկայի արդյունավետություն հենասյուների ցուցանիշները:
Սևակ Հովհաննիսյանը նշեց, որ բիզնես սկսելու հետ կապված գործընթացների քանակը և ժամկետները հաստատուն կերպով մնում են Հայաստանի ուշագրավ առավելությունների շարքում: Հայաստանի ուշագրավ առավելություններին են դասվում նաև հարկման ցածր բեռը և աշխատանքի ընդունման կամ հեռացման ճկունությունը: Իսկ մրցակցային թերություններն այնպիսի կարևոր ոլորտներում են, ինչպիսիք են ֆինանսավորումը տեղական կապիտալի շուկայի միջոցով, նավահանգստային ենթակառուցվածքի որակը (այն երկրները, որոնք չունեն ելք դեպի ծով, գնահատում են ամենամոտ նավահանգիստը), արտաքին շուկայի չափի համաթիվ:
Ինչ վերաբերում է մակրոտնտեսական միջավայրի վատթարացմանը, Սևակ Հովհաննիսյանն ասաց, որ անկման հիմնական պատճառը Հայաստանում ձևավորված դեֆլյացիոն միջավայրն է. «2016 թ-ին Հայաստանում գրանցվել է 1,4 տոկոս գնանկում, ինչը նշանակում է, որ դա զսպում է տնտեսական աճը: Այն երկրները, որոնք գրանցել են 0,5-3 տոկոս գնաճ, դա համարվել է նորմալ և այդ երկրները լավագույն են համարվել»:
Նշենք նաև, որ ըստ «2017-2018 համաշխարհային մրցունակության մասին զեկույց»-ի՝ առաջատար երեք երկրները շարունակում են մնալ Շվեյցարիան, ԱՄՆ-ը և Սինգապուրը: Մրցունակությամբ առաջին հնգյակում են նաև Նիդերլանդները և Գերմանիան:
ԱՊՀ տարածաշրջանի երկրների խմբում առաջընթաց են արձանագրել Ռուսաստանը (5 կետով), Ադրբեջանը (2 կետով), Մոլդովան (11 կետով) և Ղրղզստանը (9 կետով): Հետընթաց են արձանագրել Վրաստանը (8 կետով), Ղազախստանը (4 կետով) և Տաջիկստանը (2 կետով): Ուկրաինան դիրքը բարելավել է 4 կետով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում