Մենք կապ չունենք Վահան Արծրունու համերգի չեղարկման հետ. Արմեն Ամիրյան
Սեպտեմբերի 29-ին Զվարթնոց տաճարում նախատեսված էր կոմպոզիտոր Վահան Արծրունու «Մաշտոց-Կոմիտաս» համերգային ծրագիրը, սակայն օրեր առաջ կոմպոզիտորին հայտնել են, որ համերգը չի կայանա:
Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից փորձեցին պարզել, թե որն է եղել համերգի չեղարկման պատճառը: Ի պատասխան նախարարն ասաց՝ թե Մշակույթի նախարարությունը, թե «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, տեղյակ չեն եղել, որ նման համերգ պետք է կազմակերպվեր:
«Մենք տեղյակ չենք եղել համերգի մասին ընդհանրապես: Համերգի կազմակերպիչը ոչ մեզ, ոչ էլ ՊՈԱԿ-ին տեղյակ չի պահել, ոչ ունենք պայմանագիր, ոչ էլ պայմանավորվածություն, մինչդեռ նրանք պարտավոր են պայմանագիր կնքել ՊՈԱԿ-ի հետ»,- ասաց Արմեն Ամիրյանը:
Նաև նշեց, որ համերգ կազմակերպելու համար պետք է համապատասխան պայմաններ լինեն. «Կազմակերպիչն է հանել համերգը, մենք ի՞նչ կապ ունենք այդ համերգի հետ»:
Արմեն Ամիրյանն ասաց, որ ՊՈԱԿ-ի ղեկավարը կապ է հաստատել համերգի կազմակերպչի հետ, վերջինս պատճառաբանել է, որ համերգի չեղարկելը կապված է տոմսերի քիչ վաճառքի և եղանակային պայմանների հետ:
Մշակույթի նախարարը նաև հայտնեց, որ ամառվա ընթացքում նախարարությունը երկու տասնյակից ավելի միջոցառումներ է կազմակերպել Զվարթնոցում, Գառնիում և այլ պատմամշակութային վայրերում:
«Համերգներ կամ միջոցառումներ կազմակերպելն օգնում է, որպեսզի մենք հանրահռչակենք այդ պատմամշակութային հուշարձանները: Մեզ համար դա իսկապես ցանկալի երևույթ է, ուստի կոլեկտիվները, թատերական խմբերը, այդ թվում՝ Վահան Արծրունին, ցանկացած պահի կարող են համերգ կազմակերպել, որևէ խնդիր չկա»,- ընդգծեց Արմեն Ամիրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան