Գերգիևը մտադիր է ամբողջ Կովկասում հաստատել մշակութային համագործակցություն
Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վալերի Գերգիևը նախատեսում է ստեղծագործական ծրագրեր իրականացնել ամբողջ Մեծ Կովկասում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ասուլիսում հայտարարել է նա:
«Հիմա խոսքը գնում է այն մասին, որ Մեծ Կովկասի ամբողջ տարածաշրջանը նորից իր համար գտնի հին կապերը: Այդ իսկ պատճառով և Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, և Հարավային Օսիան, Աբխազիան և Հյուսիսային Կովկասի բոլոր հանրապետությունները, Ռոստովի մարզը, Կրասնոդարի երկրամասը, Կալմիկիան և առանձին մեծ քաղաքները, ինչպիսին են Սոչին, Կրասնոդարը, բոլորը մտնում են նախատեսված ստեղծագործական ծրագրերում»,- ասել է Գերգիևը:
Նա նշել է, որ Մեծ Կովկասի երեխաները կարող են ելույթ ունենալ միասին մեկ բեմում, կարևոր չէ Վլադիկովկասում կամ Բաթումիում, Երևանում կամ Բաքվում:
«Պետք է հաղթահարել սուր տարաձայնությունները, որոնք առաջացել են 15-25 տարում, և ով, եթե ոչ երաժիշտները պետք է դա անեն: Կարծում եմ՝ ամեն ինչ այստեղ պարզ է»,-պարզաբանել է Վ. Գերգիևը:
Նա նշել է, որ նախատեսում է վերադառնալ և Բաքու, և Երևան, և Թբիլիսի:
«Վրաստան, բնական պատճառներով, ավելի բարդ է, բայց ես կամրապնդեմ կապերն այնտեղի գործընկերների հետ, մենք այդ պլանում ամբողջովին ապաքաղաքական ենք»,- հավելել է նա: