Կառավարությունը հաստատեց 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը։
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, կառավարության նիստում ներկայացնելով հաջորդ տարվա պետբյուջեի մակրոտնտեսական կանխատեսումները, նշեց, որ կառավարությունն իր կանխատեսումներում բարձրացրել է տնտեսական աճի ցուցանիշը:
«2017 թվականի բյուջեով մենք ամրագրել էինք 3.2 տոկոս տնտեսական աճ, բայց տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը ներկայումս 5.5 տոկոս է, և բոլոր ճյուղային զարգացումները փաստում են, որ մեր տնտեսական աճը կգտնվի 4-4.8 տոկոսի միջակայքում: Եվ այդ հենքի հիման վրա մենք բարձրացրել ենք գործող սպասումները 4.3 տոկոս այս տարի: Այսպիսով, հաջորդ տարվա համար մենք կանխատեսում ենք 4.5 տոկոս տնտեսական աճ»,- նշեց ֆինանսների նախարարը:
Վարդան Արամյանն ասաց, որ 2018 թվականին նախատեսում է ընդամենը 2.2-2.5 տոկոսի շրջանակներում ընթացիկ ծախսերի աճ: Փոխարենը, ըստ նրա, կառավարությունը շեշտադրում է կատարել կապիտալ ծախսերի մասով:
«Մեզ անհրաժեշտ է, որպեսզի հավակնենք 5 և դրանից բարձր տնտեսական աճի, ուստի պետք է դրա հենքերը ստեղծել»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ նախորդ տարվա բյուջեով ավելացնելու են նաև պաշտպանական ոլորտի ֆինանսավորումը:
Այսպիսով, բարձրացվել են կապիտալ ու պաշտպանական ծախսերը, մասնավորապես, կապիտալ ծախսերին կուղղվի 175 միլիարդ դրամ՝ 2017-ի 95 միլիարդի փոխարեն, իսկ պաշտպանության ծախսերին՝ 246,8 միլիարդ դրամ՝ այս տարվա 209,8 միլիարդի փոխարեն, 37 միլիարդ դրամով ավելի:
Վարդան Արամյանը նաև հայտնեց, որ բյուջեի ծախսերի մասով կառավարությունն ավելի պահպանողական վարքագիծ է որդեգրում: Հաջորդ տարվա բյուջեի նախագծով նախատեսվում է 1 տրիլիոն 247.9 մլրդ դրամ հարկային եկամուտների հավաքագրում:
2018 թ-ի պետական բյուջեով ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 464.2 մլրդ դրամ, կապիտալ ծախսերը՝ 175 մլրդ: Ինչ վերաբերում է պակասուրդին, այստեղ ևս կառավարությունը զսպված վարքագիծ է դրսևորելու. ՀՆԱ-ի մեջ պակասուրդը ծրագրված է 2.7 տոկոս և այն կլինի 156.9 մլրդ դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան