ՔԱԳՎ. Տարանցիկ թռիչքները գրանցել են 70.62 տոկոս աճ
Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ տարանցիկ թռիչքները գրանցել են 70.62 տոկոս աճ, իսկ թռիչք-վայրէջքները՝ 22.1 տոկոս աճ: Նման տվյալներ է հրապարակել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:
Ըստ աղբյուրի, միջազգային ավելի քան 900 ավիաընկերություններ չվերթներ են կատարում Հայաստանի օդային տարածքով և օգտվում են ՀՀ աերոնավիգացիոն ծառայություններից, որոնք իրականացվում են թռիչքների անվտանգության ապահովման ժամանակակից մոտեցումների կիրառմամբ, որի շնորհիվ «Հայաէրոնավիգացիա» ընկերությունը ձեռք է բերել վստահելի գործընկերոջ հեղինակություն միջազգային ավիացիոն հանրության շրջանականերում:
Ի դեպ, Երևանում այսօր տեղի է ունեցել «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության կողմից նախաձեռնած Օդային երթևեկության կազմակերպման սիմպոզիումը` նվիրված ընկերության հիմնադրման 20-ամյակին: Միջոցառմանը մասնակցել են ԻԿԱՕ-ի արևելյան անդամ-պետությունների, հայտնի ավիացիոն միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ընդհանուր 65 հոգի:
Համաձայն միջազգային պահանջների, «Հայաէրոնավիգացիա» ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին՝ Հայաստանի Հանրապետության աերոնավիգացիոն սպասարկում իրականացնելու նպատակով: