Պետությունը կաջակցի երեխա ունեցող երիտասարդ կանանց
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Զբաղվածության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Նախագծի մշակման շրջանակներում կարևորվել է առկա միջազգային փորձը: Աշխատանքը և ծնող լինելը համատեղելու հնարավորությունը ժամանակակից աշխարհում հաջողված ժողովրդագրական քաղաքականության բանալին է: Զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ ծնելիությունը ներկայումս ավելի բարձր է այն տարածքներում, որտեղ աշխատող մայրերի տոկոսն ավելի բարձր է, որտեղ կանանց կրթական մակարդակն ավելի բարձր է և որտեղ գործազրկության մակարդակն ավելի ցածր է: Օրինակ՝ Իսլանդիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում և Դանիայում, որտեղ ծնելիության մակարդակը տատանվում է 1.9-2.2 երեխայի ծնունդ մեկ կնոջ հաշվով սահմաններում, 25-54 տարեկան բոլոր մայրերի 75-85 տոկոսը զբաղված են: Նման երկրներում մինչև երեք տարեկան երեխաներ ունեցող մայրերն ավելի հաճախ են վերադառնում աշխատանքի, քան ցածր ծնելիության մակարդակ ունեցող երկրներում:
Հաշվի առնելով ուսումնասիրված միջազգային փորձը և ելնելով Հայաստանում ծնելիության տարիքային գործակիցների փոփոխություններից, ինչպես նաև կարևորելով արդեն իսկ երեխաներ ունեցող երիտասարդ կանանց՝ աշխատաշուկայի պահանջարկից բխող մասնագիտական ուսուցում ստանալու կարևորությունը, որպես առաջին քայլ, Նախագծով առաջարկվում է երեխա ունեցող երիտասարդ կանանց աջակցության տրամադրում՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության համար պահանջվող համապատասխան գիտելիքների ձեռքբերման հարցում:
Բացի այդ, աշխատանքային գործունեության և ծնողական պարտականությունների մեկտեղման հնարավորությունների խթանման նպատակով առաջարկվում է երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներին պետական աջակցության տրամադրում՝ աշխատանքի վերադառնալու դեպքում:
Նախագծով առաջարկվող լրացումները նպատակ են հետապնդում զբաղվածության կարգավորման պետական նոր ծրագրերի ներդրմամբ՝
1) ապահովել առաջին երեխայի ծննդյան ժամանակ մոր միջին տարիքի աստիճանական նվազումը և մեծացնել երեխաներ ունեցող` մինչև 24 տարեկան երիտասարդ կանանց աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունները,
2) մեծացնել մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողների՝ երեխայի մինչև երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու և երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու հնարավորությունները:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է երեխաներ ունեցող` մինչև 24 տարեկան երիտասարդ կանանց համար բարձրագույն մասնագիտական կրթության ստացման իրական հնարավորությունների ստեղծման միջոցով այդ անձանց աշխատաշուկայում մրցունակության բարձրացում, երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներին աշխատաշուկա վերադառնալու հնարավորությունների մեծացում՝ աշխատանքային գործունեության և ծնողական պարտականությունների համատեղման հնարավորությունների ապահովման միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին