Մեկնարկել է ԱԺ վեցերորդ գումարման վեցերորդ նստաշրջանը
Արցախի խորհրդարանի նիստերի մեծ դահլիճում մեկնարկել է վեցերորդ գումարման Ազգային ժողովի հերթական՝ վեցերորդ նստաշրջանի անդրանիկ լիագումար նիստը:
Խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, ամփոփելով նախորդ ամիսներին Ազգային ժողովի կատարած աշխատանքները, անդրադարձել է օրենսդրական գործունեությանը և արտաքին կապերի ուղղությամբ ձեռնարկված քայլերին:
Խորհրդարանը քվեարկությամբ հաստատել է նստաշրջանի, ապա նաև՝ սեպտեմբերի 28-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգերի նախագծերը:
Այնուհետև խորհրդարանի նախագահը առաջարկել է 6-րդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին որոշման նախագիծ: Կանոնակարգի 30-րդ հոդվածի 2 կետի համաձայն հաշվիչ հանձնախումբը գործելու է մինչև Ազգային ժողովի լիազորությունների ավարտը՝ 2020թ.-ը: ԱԺ որոշման նախագիծն ընդունվել է քվեարկությամբ, իսկ հաշվիչ հանձբախմբի անհատական կազմը կհաստատվի ԱԺ նախագահի կարգադրությամբ:
Անցնելով օրենսդրական աշխատանքներին՝ Աշոտ Ղուլյանը նախ շնորհավորել է նիստին ներկա կառավարության նոր անդամներին՝ նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայության հաղորդմամբ, ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը, որի համաձայն ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին գրանցվել է 14,9% տնտեսական աճ, համախառն ներքին արդյունքը կազմել է 102,2 մլրդ դրամ:
Ընդմիջումից հետո, «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, տեղի է ունեցել օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ, որին մասնակցել են Կառավարության անդամները՝ Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ: