Հայաստանը ցույց է տալիս, որ Թուրքիան Հարավային Կովկասում հայտարարություններ անելու առիթ չունի. քաղաքագետ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից Թուրքիային վերջնաժամկետ ներկայացնելուց հետո կարելի էր սպասել, որ այդ երկիրը ոչ ադեկվատ կերպով կարձագանքի։ Այսինքն՝ կստեղծի մի իրավիճակ, ուր կսրի քաղաքական դիսկուրսը, և դա իրեն հնարավորություն կտա պարզ ճակատով դուրս գալ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթացից՝ ի վերջո տապալելով այդ գործընթացը և արձանագրությունները չվավերացնելով։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլիի այն հայտարարությանը, թե «Արցախն ադրբեջանական հող է, և այն պետք է ազատագրել Հայաստանի օկուպացիայից»։
«Իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն է և նրան սատարում է ոչ միայն քաղաքական հայտարարություններով, այլև աջակցություն է ցուցաբերում տնտեսական և ռազմական ոլորտներում։ Բայց Արցախյան հակամարտության կարգավորմանը նման կերպով միջամտելու հնարավորություն Թուրքիան չունի։ ՀՀ արտգործնախարարության արագ արձագանքը հենց սրանով էր պայմանավորված։
Մենք միանգամից ցույց ենք տալիս, որ Թուրքիան Հարավային Կովկասում հայտարարություններ անելու և միջամտելու առիթ և հնարավորություն չունի։ Մենք միանգամից ցույց ենք տալիս, որ այն ձևաչափը, որտեղ քննարկվում է ղարաբաղյան հիմնախնդիրը և բուն քննարկումները որևէ առնչություն չունեն Թուրքիայի պաշտպանության նախարարի կողմից հնչեցված հայտարարությունների հետ»,- նշեց մեր զրուցակիցը։
Հարցին՝ պահը չէ՞, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը ևս հայտարարի, որ Թուրքիան իրավունք չունի միջամտելու հակամարտության կարգավորման հարցին, Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանեց՝ պետք է անել հնարավոր ամեն ինչ՝ Հարավային Կովկասում կասեցնելու Թուրքիայի ակտիվությունը։
«Պետք է հաշվի առնել, որ այդ երկրի հայտարարությունները միակողմանի և հակամարտության կարգավորմանն իսկապես վնասող բերող հայտարարություններ են։ Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իսկապես հետաքրքրված են տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ, պետք է օգտագործեն բոլոր մեխանիզմները Թուրքիային հետ պահելու և նրա ակտիվությունը Հարավային Կովկասում կասեցնելու նպատակով։
Հակառակ պարագայում Թուրքիայի ջակցությունը կարող է ոգևորություն առաջացնել Ադրբեջանում, և նրանք փորձեն կրկին լարել առաջնագծում տիրող իրավիճակը։ Ինչպես հիշում ենք, անցած տարի ապրիլյան պատերազմին նույնպես նախորդել է Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում»,- ամփոփեց քաղաքագետը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում