ԱՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքներում ներդրումային ծրագրերը շարունակվելու են. Արայիկ Հարությունյան
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, տեղի է ունեցել ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա պատասխանել է լրագրողների կողմից հնչեցված հարցերին:
Պատասխանելով «Արցախպրես»-ի հարցադրմանը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված առաջարկներին և հայտարարություններին վերաբերող հարցին՝ Ա. Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածքում մենք իրագործում ենք բազմաթիվ ծրագրեր: Շահումյանի շրջանում ավարտել ենք Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի շինարարությունը, կառուցել ենք բարձրավոլտ օդային էլեկտրագիծը: Այնտեղ նախատեսում ենք իրականացնել հարյուրավոր միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր. մասնավորապես՝ սկսված են ՀԷԿ-երի, ջրի գործարանի, բնակարանների կառուցման աշխատանքները»:
Արցախի պետնախարարի խոսքով՝ Քաշաթաղի շրջանի Միջնավան և Իշխանաձոր բնակավայրերում շարունակվում են բնակարանաշինության ծրագրերը և այլն: «Մեծ ուշադրություն ենք դարձնում կրթության, մշակույթի բնագավառների զարգացմանը՝ դպրոցների, մանկապարտեզների, մշակութային օջախների կառուցման միջոցով: Իսկ ոչ բնակելի տարածքներում մեծ ներդրումներ ենք նախատեսում՝ գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ: Ուստի, որպես Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածքներ, դրանք զարգանում են և ծառայելու են մեր երկրին»,- «նշել է Ա. Հարությունյանը, փոխանցում է «Արցախպրես»-ը: