ՄԱԿ-ի Հատուկ զեկուցողը դիտարկումներ կանցկացնի Հայաստանի մի շարք դպրոցներում
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ՄԱԿ-ի Հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳ նախարարության լրատվական ծառայությունից, վերջինս Հայաստանում է գտնվում ՄԱԿ-ի կողմից ընդունված հոգեկան և ֆիզիկական առողջության ստանդարտներից օգտվելու քաղաքացիների իրավունքի ապահովումը դիտարկելու առաքելությամբ:
Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը կարևորել է Հատուկ զեկուցողի առաքելությունը՝ ընդգծելով, որ Հայաստանի հասարակությունն ու հայ ընտանիքներն առանձնակի կարևորություն են տալիս երեխայի կրթության իրավունքին, որն ուղղակիորեն առնչվում է առողջության ապահովմանը, հետևաբար առաքելության նպատակի շրջանակում է:
Շեշտելով, որ ՀՀ ԿԳՆ-ն երեխաների իրավունքների պաշտպանության հարցում բարձր է գնահատում նաև Հայաստանում գործող ՄԱԿ-ի կառույցների գործունեությունը՝ Լևոն Մկրտչյանը հանգամանալից ներկայացրել է կրթության ոլորտում երեխաների իրավունքների պաշտպանության համալիր միջոցառումները:
Այդ համատեքստում կարևորվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ և ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ մարզերի տարրական դասարանցիների համար իրականացվող դպրոցական սննդի ծրագիրը, որի շրջանակում խնդիր է դրվել աշակերտներին ապահովել տաք սննդով:
ՄԱԿ-ի Հատուկ զեկուցողը հետաքրքվել է երեխաների առողջության իրավունքի հետ կապված մարտահրավերներով և ներկայացրել նախնական առաջարկներ: ԿԳ նախարարն այս խնդրի առնչությամբ տեղեկացրել է, որ ՀՀ բոլոր դպրոցներն ապահովված են բուժկետերով, ինչպես նաև կրթական համակարգում անցում է կատարվում համընդհանուր ներառականության:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև կրթության համակարգում երեխաների ներգրավվածության, կրթական ծրագրերում առողջ ապրելակերպի, ինչպես նաև մի շարք այլ հարցերի:
Նշենք, որ ՄԱԿ-ի Հատուկ զեկուցողն այցի շրջանակում դիտարկումներ կանցկացնի Հայաստանի մի շարք դպրոցներում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները