Շավարշ Քոչարյան. Հայաստանը մշտապես կոչ է արել Թուրքիային հեռու մնալ ԼՂ հիմնահարցի հանգուցալուծման գործընթացից
«Առաջին անգամ չէ, որ Թուրքիան վնասակար փորձեր է կատարում միջամտելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում»,-այս մասին հայտարարել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանելով Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը:
«Հենց դա այն պատճառներից է, որը թույլ չի տալիս հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրել, և հենց Անկարայի այս միակողմանի, ապակառուցողական և ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահների դիրքորոշումներին դեմ գնացող մոտեցման պատճառով է, որ Հայաստանը մշտապես կոչ է արել Թուրքիային հեռու մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման գործընթացից»,-հայտարարել է արտաքին գործերի փոխնախարարը:
Նշենք, որ պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին Արցախի հարցում կրկին անվերապահ աջակցություն է հայտնել Ադրբեջանին:
Ջանիքլին Բաքվում հայտարարել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը իրենց հողերը պաշտպանելու, ինչպես նաև Արցախը «Հայաստանի օկուպացիայից ազատելու» համար պետք է անհրաժեշտ բոլոր զենքերը ինքնուրույն արտադրեն:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Ջանիքլին մասնավորապես ասել է. «Միայն մեր հողորը պաշտպանելը բավարար չէ: Պետք է անպայման ազատագրել օկուպացված Ղարաբաղը: Դրանք ադրբեջանական հողեր են, և վաղ թե ուշ պետք է վերացվի Հայաստանի օկուպացիան: Սակայն դրա համար պիտի լինենք ավելի ուժեղ: Այդ պատճառով էլ այս հողերն ու մեզ պաշտպանելու համար անհրաժեշտ ողջ զինտեխնիկան պետք է ինքներս արտադրենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում