Վանաձորում ոլորել են լրագրողի թևերը, գցել գետնին
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Մանե Թանդիլյանը դատապարտում են Լոռի ՀԸ տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանի նկատմամաբ բռնությունը, իրավապահներից պահանջում անհապաղ միջոցներ ձեռնարկել բացահայտելու և ամենայն խստությամբ պատժելու մեղավորներին:
«Ամենախիստ կերպով դատապարտում եմ Լոռի ՀԸ տնօրեն, հայտնի լրագրող՝ Նարինե Ավետիսյանի նկատմամբ տեղի ունեցած բռնությունը։ Ակնհայտ է, որ երկար տարիներ շարունակվող անպատժելիությունը և Վանաձորում տիրող լկտի ամենաթողությունը ծնել և ծնում է նոր հանցագործություններ։ ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել հանցագործությունը կատարողներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար»,-գրել է վանաձորցի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Լրագրող Նարինե Ավետիսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է երեկ Լոռու մարզկենտրոնում իր հետ պատահածը.
« Երեկ երեկոյան բռնություն է կատարվել իմ նկատմամբ` մասնագիտական գործունեության ընթացքում: Ինձ զանգեցին ու տեղեկացրին, որ հորդառատ անձրևի տակ Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կամրջի վրա ասֆալտապատման աշխատանքներ են իրականացնում: Ես գնացի այնտեղ, դեռ մի քանի լուսանկար էի արել ու միացրել տեսախցիկը, երբ գազանաբար ինձ վրա հարձակվեց «Շինպլյու» շինարարական կազմակերպության ղեկավարը` Տիգրան Նազարյան:
Ինքը և իր աշխատողները իր կարգադրությամբ ինձ գցեցին գետին, թևերս ոլորեցին ու խլեցին հեռախոսս: Դեպքի վայրից գնացել եմ «Լոռի» հեռուստաընկերություն` իմ աշխատավայր, որտեղից դիմել եմ ոստիկանություն և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին, որը ոստիկանությունում հանդես եկավ որպես իմ ներկայացուցիչ:
Ոստիականությունը իսկույն արձագանքեց և դեպքի վայրում հայտնաբերեց հեռախոսս: Փորձագետ-քրեագետի գործողություններից հետո պարզվեց, որ բռնարարը ջնջել է տեսագրությունը և լուսանկարները: Այս պահին հեռախոսս ոստիկանությունում է: Ինձ հասած տվյալներով բռնարարը մեղքը գցել է վարորդի վրա: Հարուցվել է քրեական գործ: Նրան պատկանող սև գույնի Մերսեդես G500 77GG777 համարանիշի մեքենան փորձագիտական աշխատանքների ժամանակ հեռվից հետևում էր. հետագայում նույն մեքենան տեսա ոստիկանության Տարոնի բաժնի դիմաց»:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում