Ակնալիճ գյուղում եզդիները տոնում են իրենց սրբատեղիի օծման տարեդարձը
Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում երեք օր շարունակ Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչներն ազգային երգ ու պարով տոնում են սրբատեղիի օծման հինգերորդ տարեդարձը:
Նախորդ տարիներն էլ համայնքում տոնական տրամադրություն է եղել: Այս տարի միջոցառումներն ավելի ընդգրկուն են, հյուրերը՝ ավելի շատ:
«Աշխարհի տարբեր երկրներից եզդիական համայնքների ներկայացուցիչներ են հրավիրված, տարբեր երկրների խորհրդարաններում ընդգրկված եզդի պատգամավորներ, քաղաքական ու մշակութային գործիչներ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը, ով նաև «Շամս» մարդասիրական ՀԿ-ի նախագահն է:
Ամեն տարի սեպտեմբերի 29-ին Ակնալիճում է նաև ԿԳ նախկին նախարար Սերգո Երիցյանը:
«Շուրջպարի հարթակից այն կողմ նոր կառուցվող տաճարն է: Այս տարվա ուղերձները շատ հետաքրքիր են՝ ազգային ինքնությունը, կառուցվող տաճար: Մեր կողքին ապրող եզդի ժողովուրդը կունենա իր տաճարը»,-ասաց նա:
Միջոցառմանը ներկա էին նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Կնյազ Հասանովը, Ռուստամ Մախմուդյանը:
«Շատ լավ հասկանում ենք ու գիտակցում ենք ազգային փոքրամասնությունների դերն ու նշանակությունը, դրանով պայմանավորված՝ մենք հնարավորություն ենք տվել Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններին իրացնել իրենց բոլոր իրավունքները՝ կրոնական, կրթական, քաղաքական»,-լրագրողներին ասաց Էդուարդ Շարմազանովը: Հայաստան ժամանած եզդիներն ավելի վաղ հյուրընկալվել էին Ազգային ժողովում:
Մանրամասները՝ տեսանյութում: