Հայտնաբերվել է մերկ Մոնա Լիզայի էսքիզը
Ֆրանսիայում հայտնաբերվել է գծանկար, որի անկյունում մերկ կին է պատկերված, որը, ինչպես ենթադրում են փորձագետները, կարող է լինել Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի համար էսքիզ:
Լենտա.ռու-ն, հղում անելով Բի-Բի-Սի-ն, գրում է, որ անկյունում արված դիմանկարը հայտնի է «Monna Vanna» անունով: 1862 թվականից պահվել է Կոնդե թանգարանում և այս ամբողջ ժամանակ համարվել է մեկ այլ նկարչի աշխատանք: Բայց Լուվրի մասնագետների կողմից մի շարք փորձաքննություններից հետո հիմք կա ենթադրելու, որ գծանկարը հենց դա Վինչիի աշխատանքն է:
Ուսումնասիրության համադրողը նշել է, որ «Մոնա Լիզան» և «Monna Vanna»-ն գրեթե նույն չափսի են, նման են դեմքերն ու ձեռքերը:
«Հավանաբար, նախապատրաստվել է յուղաներկ գծանկարին»,- ասել է նա՝ խոսելով մերկ կնոջ պատկերով գծանկարի մասին:
Լուվրի աշխատակիցը հաստատել է, որ «Monna Vanna» նկարվել է դա Վինչիի կենդանության տարիներին և առանձնանում է շատ բարձր որակով: Բայց, նրա խոսքով, գծանկարի մի մասը, հավանաբար, չի պատկանում այդ նկարչին, քանի որ արված է աջ ձեռքով, իսկ դա Վինչին ձախլիկ է եղել: