«ԴիջիԹեք 2017». Կարևոր հարթակ՝ ՏՏ ոլորտի ընկերությունների համար
Երևանում այսօր մեկնարկեց 13-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը: Տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսի նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև, ընդլայնել միջազգային համագործակցությունը, ներկայացնել հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերը, ծանոթացնել ձեռքբերումներին, առկա մարտահրավերներին ու հեռանկարներին:
Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և բարձրաստիճան այլ հյուրեր:
ՏԿՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն իր ելույթում նշեց, որ տարեցտարի «ԴիջիԹեք»-ն ավելի ընդլայնվում է, առաջարկվում են նոր լուծումներ. «Դրա վառ ապացույցն այն է, որ ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 150 ընկերություն, որոնք ներկայացնում են իրենց լուծումները: ««ԴիջիԹեք»-ի զարգացման ապացույցներից մեկը նաև այն է, որ մասնակցում են տասնյակ արտասահմանյան ընկերություններ և համագործակցության եզրերը գնալով ընդլայնվում են»:
Նրա խոսքերով՝ «ԴիջիԹեք»-ի շրջանակներում անցկացվելու են գիտաժողովներ, մասնավորապես, արդեն պլանավորված է հայ-ճապոնական և հայ-կանադական գիտաժողովները, որոնց շրջանակներում, ըստ Վահան Մարտիրոսյանի, քննարկվելու են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման և համագործակցության հեռանկարները:
Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանն էլ ասաց, որ իրենց ընկերության համար մեծ պատիվ է հովանավորել նման միջոցառումը, որն արդեն դարձել է տեխնոլոգիական տոն. «Այն լուծումները, որոնք այսօր արդիական են աշխարհի համար, ծնվում են նաև Հայաստանում: Սա շատ կարևոր քայլ է մեր երկրի և մեր փոքր ընկերությունների համար, որոնք կարողանում են ներկայանալ բարձր մակարդակով: «ԴիջիԹեք»-ը ՏՏ ոլորտի ընկերությունների համար կարևոր հարթակ է, որը հետագայում իր ուրույն տեղը կունենա նաև աշխարհում»:
Հայկ Եսայանի խոսքերով՝ այսօր ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ գրեթե չկա ոլորտ, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաների ներգրավման անհրաժեշտություն չլինի: Իսկ Ucom-ն, ըստ նրա, այն ընկերություններից է, որը համագործակցության հարթակ է բացում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող բոլոր փոքր և միջին ընկերությունների համար:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն էլ հայտնեց, որ «ԴիջիԹեք»-ի շրջանակներում հետաքրքրված ընկերությունները պաշտպանության նախարարության հետ կքննարկեն տեխնոլոգիական ոլորտի և բանակի համագործակցության ձևաչափերը: Նա նաև նշեց, որ արդեն նախագծեր են մշակել, որոնք կներկայացնեն պաշտպանության նախարարությանը:
«ԴիջիԹեք» ցուցահանդեսին այս տարի ակնկալվում է շուրջ 150 ընկերությունների և 70 հազար այցելուների մասնակցություն Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից, Շվեդիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից, Հունաստանից և այլն: Միջազգային ընկերություններից, մասնավորապես, կմասնակցեն չինական հանրահայտ Dahua Technology ընկերությունը, ճապոնական Hitachi Construction Machinery Eurasia, Mitsubishi Heavy Industries և այլ ընկերություններ, շվեդական Ericsson ընկերությունը, դանիական Jabra ընկերությունը և այլն:
Եռօրյա տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսում կներկայացվեն հայկական տեխնոհսկաների, նորաստեղծ և այլ ընկերությունների, նաև դպրոցականների նորարարական գաղափարներն ու տեխնոլոգիական լուծումները, շուկայի վերջին միտումներն ու նորարարությունները, կանցկացվեն գործարար հանդիպումներ, տարբեր մրցույթներ, ֆորումներ, սեմինարներ, բացի այդ, տեղեկատվություն կներկայացվի թափուր աշխատատեղերի մասին:
Նշենք նաև, որ ցուցահանդեսի շրջանակներում կներկայացվի ռոբոտների 10-րդ առաջնություն և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի եռաչափ մոդելավորման մրցույթ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին