Հայաստանում մահերի մոտ կեսը բաժին է ընկնում սրտանոթային հիվանդություններին. ՀՀ գլխավոր սրտաբան
Սրտանոթային հիվանդություններն ամբողջ աշխարհում համարվում են մահացության հիմնական պատճառներից: Հայաստանում մահերի մոտ կեսը բաժին է ընկնում հենց սրտանոթային հիվանդություններին: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը:
Բժիշկը խիստ կարևորեց պետության կողմից վերջին տարիներին իրականացվող կանխարգելիչ հասարակական ծրագրերը, որոնք միտում ունեն ազգաբնակչության շրջանում նվազեցնել սրտային հիվանդությունների աճի դինամիկան:
«Սակայն կարծում եմ, որ այս միջոցառումները դեռևս բավարար չեն: Բացի այդ, դեռ ցածր է մնում քաղաքացիների ինքնագիտակցության մակարդակը, սրտային հիվանդությունների նկատմամբ մարդիկ պակաս ուշադիր են և միշտ չէ, որ խնդրի ի հայտ գալուց հետո դիմում են բժշկին: Այստեղ կարևորում եմ առողջության առաջնային օղակի՝ պոլիկլինիկաների դերը, որոնց նախատեսվում է տալ հիվանդությունների ախտորոշման, բուժական միջամտություն իրականացնելու առավել լայն հանրավորություններ»,- նշեց Համլետ Հայրապետյանը:
Հանրապետութան գլխավոր սրտաբանը նաև հիշեցրեց, որ արդեն երրորդ տարին է՝ Հայաստանում գործում է սրտամկանի ինֆարկտի ժամանակ անվճար ստենտավորման ծրագիրը: Ծրագրի շրջանակներում տարեկան անվճար ստենտավորվում է մոտ 1500 մարդ:
«Ինչ վերաբերում է հիվանդանոցային մահացության մակարդակին, ապա մեր երկրում այդ ցուցանիշը համադրելի է եվրոպական երկրների ցուցանիշներին: Ցավոք, հետհիվանդանոցային շրջանում բոլոր հիվանդները չէ, որ իրականացնում են անհրաժեշտ դեղորայքային բուժում: Հատկանշական է, որ Հայաստանում տարեկան սրտամկանի ինֆարկտի 5-10 հազար նոր դեպք է գրանցվում: Կանանց մոտ հիվանդությունը 3-5 անգամ ավելի հազվադեպ է հանդիպում, սակայն առավել ագրեսիվ ձևով՝ հիմնականում դաշտանադադարից հետո»,- ընդգծեց բժիշկը:
Անդրադառնալով սրտանոթային հիվանդություններ առաջացնող ռիսկի գործոններին՝ Համլետ Հայրապետյանն առանձնացրեց ժառանգականությունը, ծխելը, պասիվ ապրելակերպ վարելը, զարկերակային գերճնշումը և թմրանյութեր օգտագործելը: Հատկապես վերջին գործոնով պայմանավորված՝ սրտանոթային լուրջ հիվանդություններով տառապում են անգամ 20-30 տարեկան երիտասարդները:
Հարակից հրապարակումներ`
- «Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի» շրջանակում ստենտավորումների թիվն ավելացել է
- «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը ևս նվազեցնում է սրտի ստենտավորման գները
- Այլ հիվանդանոցներ ևս առաջիկայում կհայտարարեն սրտի ստենտավորման գները նվազեցնելու մասին. «Ժողովուրդ»
- Հայաստանում սրտի ստենտավորման արժեքը նվազում է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա