Քաղաքապետարանը փորձել է կրճատել «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծախսերը
Մայրաքաղաք Երևանն այս տարի իր 2799-ամյակը կնշի «Երևան սիրո քաղաք» կարգախոսի ներքո։ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց հոկտեմբերի 14-ին «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումներում ընդգրկված պաշտոնական, գեղարվեստական և սոցիակալան ծրագրերը։
Փոխքաղաքապետի խոսքով՝ գեղարվեստական ծրագրի մեծ ընդգրկված են արդեն ավանդական դարձած ջրցան մեքենաների շքերթը, հուշարձանների լվացում, մայրաքաղաքին վերաբերող բազմապիսի ցուցահանդեսներ, մանկական ծրագրեր, ժողովրդական, դասական, ջազ, էստրադային ու ռոք համերգներ։
«Տոնական օրը կավարտվի Ազատության հրապարակում նախատեսված երիտասարդական դիսկոտեկով և հրավառությամբ։ Այնպես ենք արել, որ տոնական տրամադրությունը տարածված լինի ողջ մայրաքաղաքով»,- նշեց Սուքիասյանը։
Նա նշեց, որ այդ օրը Երևանում կլինեն բազմաթիվ պաշտոնական հյուրեր, ամենատարբեր քաղաքներից. «Այս պահին 20 քաղաք է հաստատել մասնակցությունը Երևանի օրվան, սակայն, կարծում եմ, այս թիվը կաճի։ Մասնակցությունը հաստատած քաղաքների թվում են Գլենդելը, Մոսկվան, Փարիզը, Ամանը, Ռիգան, Կիևը, Օդեսան, Սանկտ Պետերբուրգը»։
Անդրադառնալով սոցիալական բաղադրիչին՝ քաղաքապետի տեղակալն ասաց, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Երևանի տարեթվին համապատասխան սոցիալական խոցելի խմբերի այդքան ընտանիքներ քաղաքապետարանի կողմից կստանան նվերներ։ Կկազմակերպվի նաև ծնողների այցը դեպի սահմանամեձ զորամասեր։
Ինչ վերաբերում է ծախսերին, Արամ Սուքիասյանը տեղեկացրեց, որ բյուջեով նախորդ տարի նախատեսված էր 130 մլն դրամ, որից ծախսվել էր շուրջ 70 մլն, իսկ այս տարի այն կրճատվել է՝ հասնելով 60 մլն-ի. «Անշուշտ, բյուջեից նախատեսվող գումարներից բացի, այստեղ մասնակցություն կունենան նաև միջոցառումներին գործընկեր կազմակերպությունները»։
Վերջում փոխքաղաքապետը հավելեց, որ փորձել են այնպիսի ծրագիր է ընտրել, որպեսզի փողոցները ժամերով չփակվեն այդ օրը. «Հոկտեմբերի 14-ին փակ կլինի միայն Տիգրան Մեծից մուտքը Հանրապետության հրապարակ և դեպի Ամիրյան փողոց տանող հատվածը։ Փորձել ենք այնպես կազմակերպել, որ չպարալիզացվի մայրաքաղաքի բնականոն ընթացքը»։
«Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ամբողջական ծրագիրն՝ այստեղ։