Հայաստանում հավաքված առաջին էլեկտրական մեքենան՝ «ԴիջիԹեք»-ում
Երևանում այսօր մեկնարկած 13-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսում առանձին տաղավարով ներկայացված է «Ինժեներական քաղաք»-ը:
«Ինժեներական քաղաք»-ի տաղավարի մուտքի մոտ հյուրերին դիմավորում է Հայաստանում առաջին անգամ հավաքված էլեկտրական մեքենան, որն արտադրվել է National instruments ընկերության և հայ մասնագետների ջանքերով:
Տաղավարում ներկայացված են նաև տարբեր հանգույցներ, որոնք ապահովում են մեքենայի ինքնավարությունը: Մասնավորապես, ինքնավար մեքենայի մաս են կազմում ռադարները, տեսախցիկները, լազերային սքաներները: Մեքենան աշխատում է միայն էլեկտրականությամբ: Որոշ հանգույցներ պատրաստվել են Հայաստանում, իսկ որոշներն էլ՝ ներմուծվել, բայց ընդհանուր համակարգն ամբողջովին հավաքվել է Հայաստանում՝ 4-ից 6 ամսում:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում National Instruments ընկերության ներկայացուցիչ Ռուբեն Սիմոնյանը նշեց, որ առաջադեմ աշխարհում այսօր նորաձև էլեկտրական մեքենայի գաղափարը հայ ինժեներները մտահղացել են դեռևս 70-ականներին։
«Մեքենաշինությունը Հայաստանի համար նորություն չէ, դեռևս 1975թ. Հայաստանում առաջին անգամ հավաքվել է էլեկտրամոբիլ: Մենք միշտ ունեցել ենք այդ մշակույթը և այս էլեկտրամոբիլը այդ ինժեներական մշակույթի շարունակությունն է»,- ասաց Ռուբեն Սիմոնյանը:
Նրա խոսքերով՝ այսօր ներկայացնում են երկու ուղղություն՝ էլեկտրական մեքենա և ինքնավար մեքենայի լուծումներ: «Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, փորձում ենք զարգացնել այդ երկու ուղղությունները»,- ասաց նա:
Ռուբեն Սիմոնյանը հայտնեց, որ «Ինժեներական քաղաք»-ը համագործակցում է համաշխարհային ճանաչում ունեցող տարբեր ընկերությունների հետ. «Օրինակ, մեր լուծումներից օգտագործում է համաշխարհային Audi ընկերությունը: Աշխատում ենք նաև ռուսական ընկերությունների հետ: Պատվերները շատ են, սակայն մեր նպատակն է ոչ միայն պատվերներն ավելացնել, այլև այս ուղղությունը Հայաստանում զարգացնել»:
Ռուբեն Սիմոնյանը վստահ է, որ մի օր Հայաստանում ամբողջությամբ էլեկտրամոբիլ կարտադրեն: «Մենք ունենք այդ գիտելիքը, այդ պոտենցիալը»,- ասաց նա:
Նշենք, որ Երևանի Ջրվեժ թաղամաս նախատեսվում է կառուցել «Ինժեներական քաղաքը»։ Ինժեներական քաղաքը բարձր տեխնոլոգիաների ոլորտի բեկումնային զարգացման ծրագիր է, պետական մասնավոր համագործակցություն՝ ուղղված Հայաստանը տարածաշրջանում ինժեներական գիտահետազոտական բացառիկ կենտրոն, հազվագյուտ լուծումների և արտադրանքի դարբնոց դարձնելուն:
Քաղաքը նախատեսվում է որպես ինժեներական ռեսուրս կենտրոն՝ օժանդակելու և՛ գործող ինժեներական կազմակերպություններին մեծացնելու արտադրության ծավալները, և՛ ստեղծելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր կազմակերպություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին