Երևանում մեկնարկել են հիբրիդային պատերազմների թեմայով ՀԱՊԿ միջխորհրդարանական լսումները
Այսօր Երևանում մեկնարկել են «Ժամանակակից պայմաններում հիբրիդային պատերազմներին կոլեկտիվ անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման հարցերը» թեմայով միջխորհրդարանական լսումները, որոնք անցկացվում են համաձայն ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 2016-2020 թթ գործունեության ծրագրի։
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ «Հիբրիդային պատերազմ» տերմինն ի հայտ է եկել 2005 թվականին՝ Միացյալ Նահանգների և Միացյալ թագավորության համակցման փաստաթղթերում։
Նրա խոսքով՝ հիբրիդային պատերազմների ամբողջ իմաստն այն է, որ բացի ռազմական ուժի կիրառման ճանապարհով հակառակորդի վրա ազդեցություն թողնելը, կան ներազդելու այլ հնարավորություններ ու մեխանիզներ ևս՝ տնտեսական, քաղաքական, դիվանագիտական, հոգեբանական և այլն։
«Այսօր հիբրիդային պատերազմն անչափ կարևորվում է ոչ միայն միջպետական հարաբերություններում, այլ նաև՝ կոնֆլիկտների ընթացքում»,-ասաց Խոսրով Հարությունյանը։
Եթե ռազմական գործողություններն առանց հիբրիդային մեխանիզմների չեն կարողանում «յոլա» գնալ, ապա, ըստ Խոսրով Հարությունյանի, հիբրիդային պատերազմներն ընթանում են առանց ռազմական ուժի կիրառման։
«Այդ տեսակետից սա բավականին բարդ տեխնոլոգիաներ է ենթադրում, և ցանկացած երկիր իր անվտանգության համակարգը բարձրացնելու համար պարտավոր է մտածել սեփական անվտանգային համակարգը այնչափ կատարելագործել, իմունային հատկություններն այնպես բարելավել, որ կարողանա արդյունավետ հակազդել այդ հիբրիդային ազդեցություններին»,-ասաց քաղաքական գործիչը՝ նշելով, որ միջխորհրդարանական քննարկումներին ներգրավվել են ՀԱՊԿ անդամ պետությունների փորձագետներին։