Վալերի Թորոսյան. Այն, ինչ կորցրեցի կյանքում, գտա ծերանոցում
«Այն, ինչ կորցրեցի կյանքում, գտա այստեղ՝ ծերանոցում: Շատ բան ունեի, շատ հարուստ էի, հիմա էլ՝ փառք աստծո…»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է 71-ամյա Վալերի Թորոսյանը:
Նա արդեն երեք տարի ապրում է Հաղթանակ թաղամասում գտնվող ծերանոցում: Երկու օրից ամուսնանալու է: Ընտրյալը մեկ տարի երկու ամիս առաջ է եկել ծերանոց: 72-ամյա Արաքսյա Հակոբյանի առաջին ամուսնությունն է: Հարսնացուի մազերը նոր են ներկված, մատերը՝ քսած, խնամված տեսք ունի, հաճախ ժպտում է:
«Շորս փոխե՞մ»,-նկարելուց առաջ հարցնում է տիկին Արաքսյան:
«Չէ, սազում է, շատ սիրուն եք»,-ասում եմ ես:
«Բա որ սիրուն չլիներ, կամուսնանա՞յի: Գլխավորը խելոք է, շատ խելոք: 18 տարեկան թազա հարսը չի կարա իր նման խելոք լինի»,-խոսակցությանը խառնվում է փեսացուն:
Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի սոցաշխատող աղջիկների հետ հարսնացուն «Լուքսոր» հարսանյաց սրահ է գնացել, շորն ընտրել են, փորձել, քահանայի հետ էլ պայմանավորվել են: Փեսայի կոստյում-շալվարն էլ պատրաստ է, վաղը կբերեն: Երկուշաբթի հյուրերը շատ են լինելու՝ 60-65 մարդ, այդ թվում ամուսնացողների հարազատները, գալու է նաև նոտարը:
«Ազգը չփոխեց, պասպորտի քաշքուկների համար ասեց, դե լավ է, ոչինչ: Ի՞նչ տարբերություն: Մարդս մարդ լինի, մեկս մեկին սիրի, հարգի, էդ է կարևորը, թե չէ Թորոսյան լինի կամ Հակոբյան, տարբերություն չկա»,-ասում է Վ. Թորոսյանը:
Մինչ օրինական ամուսիններ դառնալն արդեն մեկ ամիս նրանք միասին են ապրում: Մի անգամ են տուն ինտերնատի տարածքից դուրս եկել, գնացել են Մալաթիայի շուկա, իրենց համար հագուստ գնել: Ասում են՝ դեռ զբոսնելու, կինո էլ, թատրոն էլ կգնան: Իսկ մինչ այդ քայլում են ծերանոցի բակում, զրուցում, հեռուստացույց նայում, ռադիո լսում:
Այս տարվա մարտից ընկերություն են արել, հետո ամուսնանալու մտադրության մասին տնօրենին հայտնել: Ասել է՝ ինչով կարող է կաջակցի, առանձին մեծ սենյակ է հատկացրել:
«Չէի սպասում նման անակնկալների, ճիշտն ասած: Երրորդ տարին է՝ ըստեղ ապրում եմ, բայց ոչ մեկի հետ մտերմություն չեմ արել: Մաքրասեր է, խելոք, նրա ամեն ինչը ինձ գրավեց: Ճիշտ է, ինձնից մեծ է տարիքով, բայց ես տարիքը չհարցրեցի: Կողք-կողքի սենյակներում էինք ապրում: Իրենք վեց կին էին, մենք՝ վեց տղամարդ: Տեսնում էի նրա դուրս գալը, ներս գալը, մարդկանց հետ շփվելը, իր մաքրությունը, հոգատարությունը: Իրենց սենյակում երկու կին կային, որ չէին կարողանում շարժվել: Րոպեն մեկ՝ Արաքսյա ջան, խանութ, մառոժնի եմ ուզում, Արաքսյա ջան, բանան եմ ուզում: Ոնց որ իրենց շտապօգնությունը լիներ»,-կնոջ մասին պատմում է ամուսինը:
Փեսացու պապիկը երեխաների մասին խոսել չի ցանկանում, ասում է՝ ինը թոռ ունի, մեկ ծոռ, երկրորդն էլ՝ շուտով կծնվի: Հարսանիքին թոռներից մեկը կողքին կլինի: Հարսնացուի կողքն էլ այդ կարևոր օրը քրոջ երեխաները կլինեն:
Այսօր Հայաստանում գործում է տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող (այդ թվում՝ հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող) անձանց շուրջօրյա խնամքի ծառայություն մատուցող 12 հաստատություն (տուն-ինտերնատ, խնամքի կենտրոն, խնամքի տուն), այդ թվում՝ 7 ոչ պետական: Բոլոր հաստատություններում միասին խնամվում է շուրջ 1380 մարդ, իսկ տնային պայմաններում սպասարկվում՝ շուրջ 4000 մարդ, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ են հաճախում՝ 2030-ը: Հանրապետությում առկա 4 սոցիալական տներում բնակվում և ծառայություններ է ստանում 60 տարեց անձ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին